Newsline.am-ը գրում է.
BBC News-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հայտարարել է, որ Իրաքում «Իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալների դեմ բրիտանական ռազմաօդային ուժերի «Տոռնադո» ինքնաթիռների գործողությունների ժամկետը երկարաձգվելու է մինչև 2017 թվականի մարտը։ Ֆելոնն այդ մասին հայտարարել է Իրաք կատարած այցի ժամանակ. «Մենք ցանկանում ենք վստահեցնել, որ կպահպանենք այդ կարևոր օպերատիվ տեմպը»։
Դրա հետ մեկտեղ նախարարը հայտարարել է, որ արևմտյան երկրների ցամաքային զորքերը չեն մասնակցելու ցամաքային ռազմական գործողություններին՝ ընդգծելով, որ իրաքյան կողմը չի խնդրել այդ մասին։ Ֆելոնը հայտարարել է, որ Իրաքն ունի Միացյալ Թագավորության կարիքը, ինչը վերաբերվում է ԻՊ-ի դիրքերին ավիահարվածներ հասցնելուն, ինչպես նաև զինծառայողներին ռազմական ուսուցում տալուն և սպառազինություն մատակարարելուն:
Բրիտանական խորհրդարանը 2014 թվականի սեպտեմբերին արտոնել է Իրաքում ԻՊ-ի դիրքերը ռմբակոծելը: Ընդունված փաստաթուղթը, սակայն, չի նախատեսում նաև Սիրիայի տարածքում այդ խմբավորման դիրքերի ռմբակոծություններ, ինչպես նաև հակամարտության գոտի բրիտանական ցամաքային զորքերի ուղարկում:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունիսի վերջին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել էր, որ ԻՊ-ի զինյալները սպառնալիք են ամբողջ Արևմուտքի համար և ահաբեկչություններ են ծրագրում Մեծ Բրիտանիայում։