Այն մասին, թե ինչու ՀՀ քաղաքացին անկախությունից 25 տարի անց սոցիալիզմ էր ուզում

 

Երեկ շարքային մի վանաձորցի ՝իմ սերնդակիցներից, նեղսրտած ու դարդակալած պատմեց, որ սահմանադրական բարեփոխումների հակագովազդով զբաղվող մեկն իրեն «լուսավորելու» նպատակով մատնացույց է արել, որ այդ բարեփոխումներով փորձ է արվում անցնել միակուսակցական համակարգի. այնպես, ինչպես խորհրդային տարիներին էր, երբ միմիայն մեկ՝ կոմունիստական կուսակցություն կար: «Իսկ սոցիալիզմի օրոք վատ է՞ր»,- հռետորական հարցադրում էր արել քաղաքացին, այդ նույն հարցն ուղղելով նաեւ ինձ.«Չէ, չէ, ասա տեսնեմ, ի՞նչ վատ էր սոցիալիզմի օրոք»: Զրուցակիցս կարծում էր, որ եթե միակուսակցական համակարգը ետ բերեն՝ հիմա էլ ՀՀԿ-ի տեսքով / որպես ազգային գաղափարախոսության «ռահիվիրա» կամ չգիտեմ ինչ /, սոցիալիզմի լավագույն առավելություններն էլ են ետ բերելու՝ աշխատող գործարաններով, ձրի ուսուցմամբ, ձրի ջեռուցմամբ .../: Ահա եւ ձեզ անկախ երկրի քաղաքացու դիտարկումը՝ սոցիալիզմի փլուզումից 25 տարի անց: Նա երեւի երկրի բոլոր չարիքների մեղքը համարում է ոչ թե իրենց գործին չտիրապետող, վատ կառավարող պաշտոնյաների, քրեաօլիգարխիկ համակարգի հանգամանքով, այլ՝ սոցիալիզմի փլուզմամբ ու «Ամերիկային ծախված Գորբաչովով», եւ գովաբանում է սոցիալիզմի առավելությունները. որոնք իսկապես քիչ չէին ՝սկսած՝ մարդու սոցիալական պաշտպանվածությունից, բայց՝ չհաշված Գենսեկի դիկտատուրան, որ պարզապես կույր աղիքի պես մի բան էր՝ռայկոմ-քաղկոմներով:«Ասում են սովետի վախտը կաշառք կար ինստիտուտներում» ՝զրուցակցիս դիտարկմանն ի պատասխան, ասացի, որ իսկապես բուհերում կաշառքը մեծ չափերի էր հասնում 70-80-ականներին՝ հատկապես ընդունելության քննություններին ու մեծ պահանջարկ ունեցող ֆակուլտետներում, որին ի պատասխան էլ նկատում է.«Հա բայց գոնե էն ժամանակվա բուհերը գիտելիք էին տալիս, բա հիմիկվա նման է՞ր...»:Երբ վերջինս անցավ Եվրասիական միության գովաբանմանն ու Ռուսաստանի հետ բարեկամական կապերը վերստին ամրապնդելու առավելություններին / որից երեւի թե սոցիալիզմի վերադարձի հոտ էր առնում /, իմ հերթին նկատեցի, որ ներկայիս Ռուսաստանի քաղաքական-տնտեսական համակարգն ամենեւին էլ սոցիալիստական չէ. այս պարագայի համար էլ վկայակոչեց, թե «Հրեն ասում են Ալթայի երկրամասում դեռ սոցիալիզմ ա, կոլխոզներ են մնացել, ի՞նչ վատ ա՞ որ»:Համեմատության համար էլ վկայակոչեց, որ Եվրոպան մեր ազգային մենթալիտետին հարիր չէ՝ որպես բացասական արժեհամակարգի կրող : Իմ այն առարկմանը, թե որոշ դեպքերում Ռուսաստանում եվրոպական արժեքները լավ էլ հարգի են ավելի շատ, քան՝ մերթընդմերթ Եվրոպայի ուղղությամբ թեքվող Հայաստանում, այս համատեքստում նա, որպես խոստովանություն, վկայակոչեց միայն այն, որ ռուս աղջիկների գերակշիռ մասը դեռ մանկուց՝ միանգամից հասունանում է ՝դրանից բխող բացասական հետեւանքներով / ծխել, խմել, անբարո կյանք վարել.../, բայց չհիշեց, որ Ռուսաստանում այսօր տղամարդկանց ստրիպ-ակումբներ կան ՝կանանց զվարճանքի համար, այնքան եվրոպական է դարձել Ռուսաստանը, որտեղ սեռական կողմնորոշումը վաղուց ի վեր չեն թաքցնում այսպես կոչված «սեռական փոքրամասնությունները», որոնց համար սովետական Ռուսաստանում քրեական հոդված կար ՝միութենական բոլոր հանրապետությունների հետ մեկտեղ:Ի վերջո, ինչու՞ էր քաղաքացին այդքան հավանում սոցիալիզմը. մի պարզ պատճառով՝ «աշխատանք կար, արդարություն կար, հավասարություն կար »/ թեպետ՝ անարդարություններ էլ էին լինում /:Նա նաեւ դառնությամբ նկատեց, որ սոցիալական ծանր պայմաններում գտնվող ժողովրդի հանդեպ կարծես ցուցադրական ծաղր լինի, երբ օլիգարխներն անվերջ ու պարբերաբար եկեղեցիներ են կառուցում:Ու քաղաքացու դժգոհության պատճառն ամենեւին էլ աթեիստական ուղղվածությունը չէր. ընդհակառակը, վերջինս Աստվածաշնչի համապատասխան կետեր վկայակոչելով, պնդում էր, որ նման արարքը Աստծուն ու Աստվածաշնչյան դրույթներին էլ է դեմ...

...Ազգ պահողը եկեղեցին է, բայց չէ՞ որ եկեղեցու պահողն ու սերունդներին փոխանցողը ժողովուրդն է, որն այսօր օրհասական վիճակում է, իսկ եթե ժողովուրդը չլինի, չեն լինի նաեւ եկեղեցիները կամ՝ կլինեն սոսկ որպես պատմական վկայություններ, որ «աստ եղել է ժողովուրդ, որի միջից ոմանք այնքան հարստացան ու յուղակալեցին ՝հակառակ հազարավոր մարդկանց աղքատացման, որ սկսեցին եկեղեցիներ կառուցել ու հանուն դրա ՝մի քանի բրդուճ լավաշ գցեցին սովալլուկ ամբոխին»: Ու հիմա կարո՞ղ ենք արդյոք մեղադրել քաղաքացուն, թե նա ինչի՞ է գովերգում սոցիալիզմն ու փառաբանում, եւ կամ՝ հրաժարվում համաժողովրդական ցույցերին ու ընդվզումներին մասնակցել՝ անգամ հոսանքի էժանացման առթիվ.«Ես հազիվ եմ իմ աշխատանքով տուն պահում, ժամանակ ունե՞մ միտինգների գնամ»՝ի պատասխան իմ հարցադրման՝ առարկեց օրախնդիր հարցերից շունչ չքաշող քաղաքացին, որ նախկինում՝ 90-ականներին հարում էր դաշնակցությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել