20150803_214624

Դավիթ Բլեյանն արթնացավ ինքնուրույն՝ ժամը 8-ին. ես ավարտել եմ իմ օրագիրը, Գյումրիի «Բեռլին» հյուրանոցի մեր սենյակում եմ, իմ ընկեր դարձած Հակոբ Հովհաննիսյանի ստեղծած նկարչական միջավայրում…
– Ես ուզում եմ ինքնուրույն հագնվեմ, հայրիկ…
– Իհարկե։ Դու մի գիշերում ավելի ես մեծացել, Դավիթ…
– Մենք հյուր ե՞նք Գյումրիում… սա հյուրանո՞ց է: Էլ ո՞վ է հյուր… ուզում եմ՝ ասես…
Ու անցավ իր «քինդեր» ձվիկին, որ պահ էր տվել հյուրասենյակի սառնարանին… Ես մոռացել էի, բա Դավի՞թը. իր քույր Շուշանի նվիրած ձվիկը վայելում է որպես առաջին գործ…
– Հայրի՛կ, հյուրասենյակը ո՞րն է… Պապա՛, Երկիր մոլորակը ո՞րն է… Մենք ո՞նց ենք ապրում այս մոլորակի վրա, ասա՝ տեսնեմ…
– Պիտի լողանաս, Դավիթ, այնքա՜ն լավ ցնցուղ է…
– Գիտե՞ս, հայրիկ, մայրիկը քնկոտ է… Հայրիկը միշտ արթուն է, մայրիկը ցերեկն էլ է քնում, առավոտն էլ…
– Ես ճպուռներն աչքերիս չեմ տեսնում, դրա համար էլ չկան դրանք… չեմ լողանում… Քնկոտ մայրիկ…
Դավիթը լողանում է ցնցուղի տակ՝ զինվորի նման, հաճույքով…
– Որ մաքրասեր եմ, դու ուրախանում ե՞ս…
– Շա՜տ: Իսկ մայրիկը քնած է…

«Բեռլին» արտիստական հյուրանոցը, որպես նախագիծ, հետաքրքիր է իր մտահղացումով, իրագործումով, իր կազմակերպմամբ… Հիմա ես հյուրատան հարմարավետ-խնամված բակում, մի անկյունում իմ օրագրի հետ եմ… Գյումրի ընդամենը 2 օրով այցելությունը լիքը սահմանափակումներ ունի, բայց ես միշտ նախապատվությունը տալիս եմ նոր մարդու, նոր հերոսների հայտնագործմանը… Նյութական արժեքներն էլ ինձ հետաքրքիր են նրա մարդով՝ Մարմաշենի եկեղեցական համալիր կլինի, թե Գյումրիի Սլոբոդկա կոչվող թաղամաս… Սլոբոդկայում մենք Շուշանի ու Մանեի, Արմինեի ու Դավթի հետ լավ թափառեցինք՝ բակ-բակ, տուն-տուն… Ունեցանք տպավորիչ բլից հանդիպումներ Սլոբոդկայում ծնված մշտաբնակների, Գյումրիից մեկնած-որպես հյուր վերադարձածների հետ. ամենուր ինձ ճանաչում են, լիքը կապեր-հիշողություններ, ամենուր մարդկային անկեղծություն կա… Սլոբոդկան՝ ոնց որ հին Շուշին… քանդված է, անընդհատ քանդվում է. ո՞վ է այս քաղաքաշինական արժեք ներկայացնող Գյումրին վերակառուցելու՝ որպես արդիական բնակավայր… Այդ մարդուն-տիրոջն ենք փնտրում… Չհանդիպեցինք…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել