ԲԱ ԲՅՈՒԶԱՆԴԱՑԻՆԵ՞ՐԸ


Հրազդանի կիրճի ռեստորանների գիշերային երաժշտական հորձանքներն ակամա լսելով՝ հստակ պատկերացնում եմ, թե ինչպես են հիմա կերուխումին և ուտուշ-խմուշին տրված մեծամասնության երակերում հորդում-ալիքվում-ծփում պարսկական,մոնղոլ-թաթարական, արաբական և թրքական արյան գույնզգույն բաղադրիչները: Նրանք իրո՜ք վայելում են, հալչում են դրա տակ, ապրումներ են ունենում... 
Դեմ չեմ լսելու լավ պարսկական և մնացյալ երաժշտությունները / և լսել եմ/ՙՙ, դեմ եմ էս խայտառակ անճաշակությանը, էս խառնափնթորությանը և իսկական երաժշտական այլասերմանը: 
Մի առանձին զարհուրանք է վերջին տարիներին, հավանաբար, երկարատև խոպանի հետևանքով ի հայտ եկած ռուսա-հայկական ռաբիզը՝ սրսուռ երրորդ մասի ռաբիզ, աղավաղված ռուսերեն բառերով:
Զարմանում եմ՝ բա բյուզանդացինե՞րը, չէ՞ որ նրանք էլ են գրավել-ճնշել-ստրկացրել մեզ՝ բոլոր հետևանքներով: 
Լավ, զվարճատներում երաժշտություն պատվիրողների մեջ մեկը չկա՞, ում նախա-նախա-նախնուհուն բյուզանդացին է մոտ եկել: Գոնե մի փոքր զանազանություն կմտցներ ասիական կլկլան-խուճուճ երաժշտացանկի մեջ: 
Զտարյունների մասին չեմ խոսում. հայկական իրականությունը՝ քաղաքականություն, արվեստ, կենցաղավարություն, մարդկային հարաբերություններ և այլն, ամեն քայլափոխի կուռ փաստարկներով ապացուցում է, որ զտարյունները ազգի ներսում ազգային փոքրամասնություն են կազմում: Իրավազուրկ և ճնշված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել