Երեկ Կյանքը տեսա առանց տարանջատման... Որքա՜ն ուրախություն, որ Կյանքը կարող է լինել առանց բևեռացման, առանց ատելության – միայն Սիրո ու Կարեկցանքի տիրույթում: Բայց արդեն գիշերը իմ ենթագիտակցության խորքից ելնում էին պատկերներ -անցածս ճանապարհի անձնական, սոցիալական, քաղաքական բևեռացումները: Խանդո՜տ ենթագիտակցություն, դու չես ուզում, որ սիրտս ապրի ներդաշնության մեջ, ուզում ես, որ չմոռանամ տառապանքի ուղիները…
Այսօր նախախնամորեն իրականությունը ևս հիշեցրեց, թե ինչ դառը ճանապարհ է անցել այս մոլորակը և դեռևս անցնում է… Մերոնք բերեցին Ռոման Պոլանսկու «Դաշնակահարը» ֆիլմը – ստեղծված հրեական ծագման լեհ երաժիշտ Վլադիսլավ Շպիլմանի հուշագրությունների հիմքի վրա – հրեական Հոլոկոստի մասին: Ես հասկացա, որ ԱՅՍՕՐ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԵԻ ԱՅՍ ՖԻԼՄԸ… Հոլոկոստը, Հայոց Եղեռնը – մարդու կողմից մարդու նվաստացման ծայրակետերն են սրանք, մարդու անկման ցածրակետերը…
Չէ՜, պետք է բարձրանալ: Այս ստոր գոյությունից պետք է բարձրանալ: Այս գենոցիդալ գիտակցությունից պետք է բարձրանալ: Ատելության այս մթնախորշերից պետք է բարձրանալ: Այս համաշխարհային ստոր առուծախից ու խաբեությունից պետք է բարձրանալ: Գեոպոլիտիկա կոչվող էթիկական անապատից պետք է բարձրանալ… Դաշնակահարի ձեռքերը ստեղնաշարի վրա խաղում, թպրտում, թռչում ու ընկնում էին մի զույգ սպիտակ աղավնիների նման – այդ ձեռքերը կարող են լինել հրեայի ձեռքեր, հայի ձեռքեր – ոչ ոք այլևս չպետք է սպանի այդ ձեռքերը: Ներկա մարդկության անկյալ վիճակից պետք է բարձրանալ…
Եվ այդ ԲԱՐՁՐԱՆԱԼԸ սկսվում է մարդկային սրտից: Նա է որոշում` Սիրել ու Բարձրանալ… Ինքն իրեն բարձրացնել: Տեսնել իր աստվածարյալ էությունը:
Ապա սկսվում է Մոլորակի սրտից… Երկիր մոլորակի սիրտն է որոշում` Բարձրանալ… Եվ այդ Որոշումն ընդունված է:
Բայց անցյալը դեռևս ողբերգորեն ներկա է, մարդկային աչքը փոփոխություն չի տեսնում, թվում է` ատելությունը, այս ամենը հավերժ են…
Բայց միայն թվում է: Սիրել, Կարեկցել, Բարձրանալ – Որոշումն ընդունված է...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.drnoyan/posts/3489715062112
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել