Newsline.am-ը գրում է.

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման թույլատրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերին ավիահարվածներ հասցնելը, եթե ԱՄՆ-ի պատրաստած սիրիական չափավոր ընդդիմադիր ուժերը հարձակման ենթարկվեն ոչ միայն իսլամականների, այլև` Սիրիայի կառավարական բանակի կողմից:

Դրա մասին հեռուստաալիքին հայտնել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան անդամներից մեկը, որի անունը չի հաղորդվում: Նա մանրամասնել է, որ նման որոշման պատրաստումը պահանջել է ամիսներ: ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքն արդեն իսկ մի շարք ավիահարվածներ է հասցրել սիրիական չափավոր ուժերի վրա հարձակում գործած իսլամականների դիրքերին:

Սպիտակ տանը կարծում են, որ ընդդիմադիր ուժերի վրա այդ հարձակումն իրականացրել է «Ջաբհաթ ալ-Նուսրա» իսլամական խմբավորումը, որը կապված է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ: ԱՄՆ ԱԱԽ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալիստար Բասկին հայտարարել է, որ Պենտագոնի պատրաստած սիրիական չափավոր ուժերը «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ պայքարում դիտարկվում են որպես գործընկերներ:

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը գրել է, որ Օբամայի նոր հրամանը հնարավորություն է տալիս, որ ԱՄՆ-ը ռազմական ուղիղ հակամարտության մեջ մտնի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել