DSC_1706

Արթնացել եմ Գյումրիի «Բեռլին» հյուրանոցի հարմարավետ, խելամիտ համարում: Ժամը 5- ն է առտու: Նախօրոք, իրիկունը պատրաստել եմ իմ աշխատանքային անկյունը հյուրատան պարտեզում: Այստեղ ամենուր գերմանական խնամվածություն կա, կոկիկություն, պարզություն` գումարած գեղագիտություն… Բարի առավոտ մեդիաաշխարհ, օրագրի ընթերցող, բարի օր, Բանգլադեշ…

«Հայաստանի քաղաքներ» խոստացած ուսումնական նախագիծն ընտանիքիս հետ սկսեցի օգոստոսի 1-ին. առավոտյան 07:50, Վահրամի ու Ստեփան եղբոր-հորեղբոր ուղեկցությամբ գնացքում էինք: Հայտարարված ժամին, 07:55 ին, Երևան-Գյումրի կանաչ գնացքը շարժվեց՝ մեծ ցնծություն պարգևելով Դավթին: Գնացքում-վագոնում, բոլորն ինձ, հասկանալի է, ճանաչում են, ինչպես հետո պարզվեց՝ նաև հյուրանոցում, Գյումրիում, Գուսանագյուղում, բացի մի քանի օտարերկրացիներից։ Այս դեպքում ես ժպտում եմ… «քաղաքացի հեղինակություն…»,- Աղվանի ձայնն է հայտնվում իմ ականջում. թիվ 38 խցում Նուբարաշենի քննչական մեկուսարան մտած հերթական կալանավորին ներկայացնում էր խցի անդամներին, վերջում էլ, ընդգծված հպարտությամբ, ինձ…
– Դե, մեր հարգելի Բլեյանն էլ, գիտես՝ ուր ես եկել…
Մի  լոռեցի երիտասարդ կտրականապես հրաժարվեց ինձ ճանաչած լինելու մտքից. չի ճանաչում մարդը Աշոտ Բլեյանին… Վա՜յ, սա Աղվանին հասկանալի-ընդունելի չէ.
– Ուրեմն դու մեր հարգելի ավագ եղբորը չես ճանաչո՞ւմ. բա էլ ո՞ւր ես էսքան տարի ապրել, բա էլ ո՞նց ես ապրել…
Մոտավորապես այսպես՝ 15 տարվա հիշողությամբ…

Գնացքում ես ուշադրության, զրուցակցի պակաս չունեմ: Դավիթ Բլեյանի համար էլ անծանոթ մարդ չկա. ինքը շփվում է կամ չի շփվում ուղղակի, առանց իմ հեղինակության-ներկայության… Ինքն ինձանից օրեցօր ավելի հայտնի է դառնում, գումարած՝ տղայական հմայքը, որից լիուլի օգտվում է… Արմինեն խաղաղ-խելացի օգտվում է այս վիճակից՝ երկու հայտնի Բլեյաններին առաջն առած՝ երկրորդ պլանից ղեկավարում է, դիտարկում… Սարսափենք նրա հնարավոր օրագրից, գրառումներից… Ջահել է, կհասցնի…

Չհասցրեցինք հոգնել, երեք ժամը անբռնազբոսիկ անցավ (բառարան ջան, որքա՜ն հազվադեպ, չգործածվող բառեր ունես): Կայարանում, ի հայտնություն Դավթի, մեզ դիմավորեց Շուշանը Բլեյանը՝ գյումրեցի դարձած, տանտիրոջ պարտավորությամբ վերցնում է ծանր պայուսակը և ուղեկցում… Շուշանն ապրում, սովորում է Գյումրիում, իր Մանե ընկերուհու հետ… Իրենց «Ամառային դպրոց Գյումրիում» նախագծին ծանոթանալը, Գյումրի իմ ուղևորության բովանդակության մեջ է… Ամենուր մեծ հարգանք կա մեր կրթահամալիրի՝ իմ դպրոցի  նկատմամբ: Մենք ինչ-որ մի շրջանից սկսել ենք օգուտով աշխատել իրար համար, ես ու կրթահամալիրը, այս գործընկերությունից ՝ հեղինակության առումով, հաստատ շահում ենք… Այսպիսի՜ գործընկերություն… Ես այն բա՜րձր, շա՜տ բարձր եմ գնահատում՝ որպես կապիտալ…

Երեք տարի առաջ ես բարձրաձայնեցի, որ նախակրթարանի կարիք ունեցող ոչ մի ընտանիքի հուսախաբ չեմ անի, չեմ թողնի հերթ կանգնի, չեմ թույլատրի ոչ ջերմ-անհոգի-հերթապահ վերաբերմունք… Պարտեզից տուն եկող երեխան է գլխավոր ցուցիչը, նրա բլբլոցը, պարտեզի-դաստիարակի անբռնազբոսիկ (սա էլ ներխուժեց բառարանից, որ չկորչի) ներխուժումը ընտանիք, որևէ ձևով…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել