Սեփական լեզուն ու մշակույթը հարգելն ու սիրելը մեծ ջանքեր իրականում չեն պահանջում: Դրա համար բացարձակ պետք չի ստորադասել ուրիշ լեզուներն ու մշակույթները և տառապել պրովինցիալ ազգայնականությամբ: Առանց ասելու ու անընդմեջ կրկնելու«հպարտ եմ, որ հայ եմ» արդեն ծամծմված ու անիմաստ դարձած արտահայտությունը:
Պետք է պարզապես խոսել մայրենի լեզվով: Բայց խոսել առանց մոդա դարձած արտասահմանյան, մասնավորապես անգլերեն տարատեսակ բառերով համեմելով: Թե չէ վերջին ժամանակներում հիմնականում օֆիսներում ու տարբեր վարչություններում աշխատող երիտասարդները ձգտում են բոլորին ապացուցել, որ լավ անգլերեն գիտեն: Դրա համար առօրյա բառապաշարում օգտագործում են, ասենք, սթաֆֆ, փրոմոութ, իմփրուվ, ինջոյ և այլն: Ուզում եմ ասեմ, որ դրանով ավելի զարգացած չեք դառնում, ընկերներ: Փառք Աստծո, հայերենը բավական հարուստ լեզու է ու օտարածին բառերի կարիք բնավ չունի: Վերջում ասեմ, որ հայրենիքը, լեզուն, սեփական ժողովրդին պետք չի տառապելով սիրել: Ուղղակի սուսուփուս սիրեք: Արեք ձեր գործը, խոսեք ձեր լեզվով, պարեք ազգային պարերը, բայց առանց ավելորդ ցուցադրականության:
Իսկ շատ առաջադեմ երևալու համար էլ պետք չի բնավ Կարգին հաղորդման մեջ ասվող «անգլերեն խոսացող հայ» լինել: Թե չէ արդեն սեփական լեզուն եք ակամայից ստորադասում: Իսկ դա արդեն նորաձև չի: Էնպես որ` գտեք այս ամենի ոսկե միջինը: