Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի մասին հիմա հաճախ են գրում: Սրտանց ուրախ եմ նրա հաջողությունների համար: Իսկ տարիներ առաջ ստացվել էր այնպես, որ Արթուրն իմ զինվորն էր…
Դրանք КВН-ի «Նոր հայեր» թիմի աստեղային ժամանակներն էին: Բայց Արթուրին զորակոչել էին բանակ, և նա շատ էր մտահոգվում, որ կտրվում է խմբից: Այդ պատճառով էլ շաբաթը մի քանի անգամ թույլ էինք տալիս մի քանի ժամով քաղաք իջնել, մասնակցել փորձերին: Ինքն էլ միշտ ուրախ, անհանգիստ ու շարժուն տեսակ էր: Անընդհատ որևէ բան մոգոնում էր օրը լցնելու համար:
Եվ ահա մի օր ճիշտ այդպիսի տրամադրությամբ մտավ իմ աշխատասենյակ, թե՝ խնդրանք ունեմ: Պարզվեց՝ որոշել է չար կատակ խաղալ Գարիկ Մարտիրոսյանի գլխին ու այդ խաղում ինձ համար առանձնահատուկ դեր է նախապատրաստել: Ես պիտի նախարարության պաշտոնական ձևաթղթի վրա մի տեքստ շարադրեի այն մասին, թե իբր Գարիկին շտապ զորակոչում են ազգային բանակ և նա պարտավոր է անհապաղ ներկայանալ զինկոմիսարիտ: Դա դեռ քիչ էր, Արթուրը խնդրում էր հավաստիության համար գրությունը հաստատել պաշտոնական կնիքով:
Որքան փորձեցի բացատրել, որ դա օրինազանցություն է, ոչինչ չստացվեց: Ի վերջո ես էլ գայթակղվեցի նրա խաղով, ինչի արդյունքում կես ժամ անց Արթուրի ձեռքում կար ցանկալի ծանուցագիրը:
Թե հետո ինչեր էին կատարվել, երբ Գարիկին հայտնել էին իր նորակոչիկ դառնալու հեռանկարի մասին, դա Արթուրը պատմում էր բավականին երկար ու գունեղ: Հատկապես զավեշտալի էր այն հատվածը, որտեղ անակնկալի եղած ու հուսահատության գիրկն ընկած ընկերոջը բոլորը համերաշխորեն մխիթարել են ու հեղեղել հանուն հայրենիքի ամեն ինչ զոհաբերելու հուզիչ հորդորներով:
Իսկ ինձ երկու օր անց «Նոր հայերի» տղաները հրավիրեցին պետական համալսարանի դահլիճ, որտեղ իրենց փորձերն էին ընթանում: Հենց այնտեղ էլ ես Գարիկին պիտի ասեի դավադրության մասին և ետ վերցնեի թուղթը: Սակայն պարզվեց, որ չարաբաստիկ ծանուցագիրը չկար: Ըստ Արթուր Ջանիբեկյանի, Գարիկը դա դրել էր շրջանակի մեջ ու կախ էր տվել իր սենյակի պատից:

Հովիկ Չարխչյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել