Գիտեմ, որ միշտ էլ սրերով են ընդունվել հայկական ֆուտբոլի վերաբերյալ հնչեցված բազմաթիվ քննադատությունները: Եթե հասարակ երկրպագուի կողմից հնչեցված քննադատությանը պատկան մարմինները վերաբերվել են արհամարհանքով, ապա քիչ թե շատ մասնագիտական կարծիք հայտնողների նկատմամբ վերաբերմունքը «ջերմ» է եղել: Բայց արդյո՞ք դա է ճիշտ ճանապարհը՝ խնդիրները լուծելու, իրավիճակը բավարարի բերելու և առաջընթացի համար: Գաղտնիք չէ, որ հայկական ֆուտբոլը քննադատողներից առաջինը եղել եմ ես: Սակայն քննադատություններս ընդունվում էին բացառապես որպես մարդու տեսակետ, ով անտարբեր է մեր ֆուտբոլի նկատմամբ, ում համար մեր ֆուտբոլը խայտառակություն է, ով մեր ֆուտբոլի ընդդիմադիրն է և այլն: Շտապեմ հիասթափեցնել նման կարծիք կազմողներին: Չկա և ոչ մի հայ, ով կարող է անտարբեր լինել մեր ֆուտբոլի նկատմամբ, ով չցանկանա մեր ֆուտբոլի ահռելի առաջընթացը, ով չցանկանա ուրախանալ թե՛ մեր ակումբային ֆուտբոլի և թե՛ Ազգային ընտրանու արձանագրած հաջողությունների համար: Սակայն, եթե տեսնում ենք՝ կա խնդիր, ընդ որում ճչացող, ապա պարտավոր ենք խոսել դրա մասին, վեր հանել բոլոր խնդիրներրը, քանզի միայն այդկերպ հնարավոր կլինի լուծումներ գտնելը: Իսկ եթե նստենք և յուրաքանչյուր բացասականին լավն ասենք, փակենք մեր աչքերը բոլոր խնդիրների վրա և շարունակենք նույն կերպ, ապա հավատացած եղեք, որ ոչնչի էլ չենք հասնի: Իմ կողմից հնչեցված քննադատությունները եղել են առողջ, եղել են տեղին, միտված են եղել ուշադրություն հրավիրելու այս կամ այն թերացման վրա: Հավատացած եղեք, որ ուշադրություն դարձնելու դեպքում հնարավորություն կլինի առաջխաղացման: Փոխարենն ունեցա այն, ինչն ունեմ հիմա: Իրավիճակը փոխելու, միահամուռ ուժերով ամեն բան ավելի դրականին տանելու փոխարեն որոշվեց ազատվել ինձնից, որպեսզի ճիշտ և տեղին խոսացող մեկին ևս թողնեն «խաղից դուրս» իրավիճակում: Ես և ինձ նման հազարավոր մարդիկ սրտացավ են մեր ֆուտբոլի նկատմամբ: Վստահ կարող եմ ասել՝ ավելի սրտացավ, քան դրա համար անմիջականորեն պատասխանատու շատ-շատերը: Կյանքիս մի մեծ հատվածը նվիրել եմ այս խաղին անմիջապես խաղադաշտում, և բնական է, որ որևէ կերպ չի կարող ինձ վրա չազդել այն, ինչը ներկայումս տեսնում ենք, և ինչն իսկապես փոխելու ահռելի մեծ ցանկություն կա: Զրկված եմ որևէ հեռուստաընկերության եթերից ֆուտբոլ մեկնաբանելուց, ինչը ցավալի է և բնորոշ է միայն հայկական իրականությանը: Կանցնեն տարիներ, և չկասկածեք, որ ժամանակը, դարն անցնելու են պարզ, ազնիվ, ճշմարիտ, ամեն ինչում արդարությանը կողմնակից մարդկանց: Ստեղծվել է իրավիճակ, որն ինձ պարզապես ստիպում է թողնել հայրենիքս և հեռանալ՝ մասնագիտական կարողություններս ներդնելով օտար երկրի համար... Հայաստանում անելիք ունեի և շատ ունեի. բայց, ցավոք, մեզ մոտ գնահատվում են այլ արժեքները և մարդկային այլ որակները: Ասելիք շատ ունեմ, որը կփորձեմ ներկայացնել առաջիկայում: Ասելիք շատ կա՝ ամեն առումով: Ինձ նման հազարավոր մարդիկ հայտնվել են նույն իրավիճակում, և ես՝ որպես մարդ, որպես դիմացինին միշտ սիրող ու հարգող մարդ, կխոսեմ նաև նրանց անունից: Վերևում Աստվա՛ծ կա, հարգելիներս... Ճշմարիտ ապրեք ձեր կյանքը, պահպանեք ազնվությունն ու Աստծու կողմից ընդունվող արժեքները, և, Տիրոջ օգնությամբ, գաղջն ի վերջո կփոխարինվի պայծառությամբ: Չկասկածե՛ք: Իսկ հիմա՝ որպես ֆուտբոլին անմիջականորեն մոտ կանգնած, մեր ֆուտբոլի համար սրտանց և իրապես մտահոգ մարդ, ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր բոլոր ակումբներին այսօր մեկնարկող Հայաստանի Բարձրագույն խմբի 24-րդ առաջնությունում: Հույս ունեմ, որ օտարության մեջ հպարտանալու առիթներ կունենամ մեր ֆուտբոլի, մեր ակումբների և անձամբ իմ կողմից սիրված մեր ազգային հավաքականի համար!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել