«Բիլայնի» ռոբոտի ձայնը լսելով՝ մտածեցի, թե սովորականի նման ամսվա վերջին զգուշացնում է, որ «հարգելի բաժանորդը» չմոռանա հեռախոսավարձը ժամանակին մուծել, բայց, ով զարմանք, պարզվում է, «աչքալուսանք» է՝ ֆիքսված հեռախոսակապի ծառայության ոլորտում. ամսվա 360 անվճար րոպեների մեջ այսուհետ ոչ միայն տեղական խոսակցությունները կարող են մտնել, այլև միջքաղաքային: Այցելելով «Բիլայն» կայք՝ պարզվեց, որ նշված էժանացումը նախատեսված է դեռևս հուլիսի մեկից. թեպետ հուլիսի վերջին են բաժանորդները տեղեկանում այդ մասին. ամեն դեպքում լավ է ուշ, քան երբեք: Եվ քանի որ Բիլայնը ռուսաստանյան ընկերության է պատկանում, ենթադրվում է, թե Ռուսաստանը հոսանքի թանկացումը որոշել է փոխհատուցել ֆիքսված հեռախոսակապի ծառայության էժանացմամբ, որ վաղուց պետք է արվեր: Հիշեցնենք, որ մինչև 1998 թիվը՝ հեռախոսակապի սեփականաշնորհումը, հեռախոսավարձը 600 դրամ էր, այնուհետ հույն սեփականատերը դարձրեց 900 դրամ, իսկ հետո տեղական խոսակցությունների րոպեավճար կիրառեց, միջքաղաքային խոսակցությունների րոպեավճարն էլ 5 դրամից հասավ 20-ի: Հետո էլ Ռուսաստանի ձեռքն անցավ հեռախոսակապը, ու սակագինը հասցվեց 1100 դրամի:
Բիլայնի կողմից սա արդեն երկրորդ վերաէժանացումն է միջքաղաքային խոսակցությունների ասպարեզում. մեկ տարի առաջ էլ միջքաղաքային կոդերի րոպեավճարն իջեցվեց 90-ականների մակարդակին՝ 5 դրամ (որ հաջորդեց հոսանքի նախորդ թանկացմանը. միգուցե զուգադիպություն է):
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1/posts/816928545071576?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել