Չկա ոչնչի հինը... Չկա հին Վանաձորը, չկա հին Գյումրին, չկա հին Երևանը... Ցանկացած նորության մեջ պարտադիր է պահել նաև հինը՝ մշակույթը, տեսքը, փիլիսոփայությունը, խորհուրդը, խորհրդավորությունը, աշխարհը... Ամենացավալին այն է, որ այլևս չկա հինը մարդկության, մարդկային ցանկացած փոխհարաբերության տեսանկյունից: Փոխվել են արժեքներ, որոնք մի ժամանակ ավելի թանկ, ավելի անկեղծ, ավելի հոգեհարազատ էին: Փոխվել են դերերը, մարդկային տեսակները, զգացմունքները, հարգանքը. խառնվել է ամեն բան: Հիմա առաջնային են դարձել կեղծիքը, քծնանքը, շահախնդրությունը՝ զգացմունքների, ընկերության, տարատեսակ հարաբերությունների, փոխադարձ հարգանքի դիտակետից: Ցավոք, սրանք են հիմա «հարգվում և ընդունում»: Եթե ունեցար քծնվելու անկրկնելի վարպետություն, եթե ունեցար ստրուկի վերածվելու «հսկայական կամք», ցանկություն, եթե ունեցար սիրաշահելու փայլուն հատկանիշներ, ապա կընդունվես, կլինես բարձր դիրքերում, «կհարգվես»: Հենց որ փորձես ընդդիմանալ, չենթարկվել այլոց կամքին և ցանկությանը, չանել քայլեր ու արտահայտություններ, որոնք ոմանք չեն ցանկանում տեսնել և լսել, հենց որ փորձես ցույց տալ էությունդ, չկոտրվող տեսակդ, ճիշտ և դիպուկ մտածելդ ու արտահայտվելդ, ապա անմիջապես «կարտաքսվես» հանրությունից, կմեկուսացվես... Ցավալի է, բայց այդպես է: Եթե չկատարես այլոց կամքը, եթե չշարժվես մի քանիսի կամքով և թելադրանքով, ապա ստիպված կլինես փնտրել այլ ճանապարհ, որը սակայն, վստահությամբ կարող եմ ասել, ավելի ճշմարիտ է և սուրբ, քան անմարդկային էակներին ենթարկվելը, կամա թե ակամա մարդկային հարաբերության կամ տեսակին ստրուկ դառնալը: Եթե չունենաս այս պիղծ որակները, ապա կյանքում ոչ մի նշանակալից հաջողության չես հասնի մեր օրերում և արդեն... Նույնիսկ երեխաներն են հիմա տարբեր... չկա հինը: Հիշում եմ, երբ մեր ժամանակ, մանուկ հասակում, պատանեկության տարիքում մենք խաղում էինք: Խաղում էինք բառիս ամենաուղիղ և բուն իմաստով: Չգիտեինք՝ ինչ բան է հեռախոսը, ինտերնետը, պլանշետը, կյանքի ընկեր-ընկերուհի ունենալը, չգիտեինք, թե ինչ բան է համբուրվելը, ժամադրության գնալը և այլն... Մենք իսկապես ապրում էինք մեր մանկությամբ և պատանեկությամբ: Գրեթե չկա նախկին հարևանությունը... Երբ պահմտոցի խաղալիս թակում էինք առաջին իսկ պատահած դուռը, մտնում հարևանի տուն՝ թաքնվում էին, բացում էինք սառնարանը, ինչպես մեր սեփական տանը, վերցնում պոմիդորը՝ հացի հետ ուտելով շարունակում մեր խաղը... Իսկ հիմա՞. «հետույքը ձևից դեռևս դուրս չեկած» երեխան ձգտում է կյանքի ընկեր ունենալ, համբուրվել, ամիսը մեկ ավելի կատարելագործված հեռախոս ունենալ, տիրապետել ամենաթանկարժեք մեքենաների մասին բոլոր տեղեկություններին և այլն... Ամեն բան փոխվել է, գրեթե ամեն բան «պղծվել է»... Չկա հինը, իսկ ես հինն եմ ուզում... Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց ես ուզում եմ մարդկային նախկին և տարրական հարաբերությունները...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել