Երեկ ևս մեկ անգամ համոզվեցի, որ «այլընտրանքային» կարծիք ասվածը հայաստանյան հեռուստաալիքների համար գոյություն չունի. թեպետ իշխանությունները, որպես կանոն, «այլընտրանքային» են համարում ժողովրդի մեծամասնության կարծիքը: Անգամ լուրերի անոնսով ազդարարաված տեղեկատվությունը՝ Հ2 պետական այլընտրանքային ալիքով, որ անոնսի երկրորդ, թե երրորդ պատվավոր տեղում էր, հայտնվեց միայն այն ժամանակ, երբ լուրերի ողջ շտեմարանն սպառվեց, և դրանից հետո թվում էր, թե հանրությունն, ի վերջո, կիմանա, թե ինչու է Հայրիկյանը դեմ սահմանադրական բարեփոխումներին, բայց ընդամենը մեկ-երկու թռուցիկ նախադասություն, որի հիմնական մեխն այն էր, որ վերջինս հանդիպելու է բարեփոխումների հանձնաժողովի հետ: Եվ միայն «Ազատության» այսօրվա ռեպորտաժից իմացանք, թե ինչու է վերջինս դեմ սահմանադրական «բարեփոխումներին». որովհետև, ըստ նրա՝ այդ «բարեփոխումների» դեպքում երկու անգամ կրճատվելու է եղած ժողովրդավարությունը, մինչդեռ նրա առաջարկած կետերը կիրառելու դեպքում (որ համառորեն չլսելու է տալիս բարեփոխումների հանձնաժողովը) մարդիկ բացառիկ հնարավորություն կունենան երկրի տերը լինելու: Կամ ինչո՞ւ միայն Հայրիկյանը. քանիցս էլ տարբեր քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ, իրավաբաններ են այդ «բարեփոխումների» դեմ առարկում, բայց «առաջատար» համարվող հեռուստաալիքներով այդ կարծիքների մի չնչին մասն անգամ չի հնչում: Մինչև ե՞րբ է շարունակվելու ջայլամի քաղաքականությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել