ԵԱՏՄ անդամակցությամբ բավականին պարզեցվել է ենթաակցիզային ապրանքների արտահանման և ներմուծման ամբողջ գործընթացը: Ֆինանսների նախարարության ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան հայտարարատուների մոտ 70%-ը գործունեություն է ծավալում ԵԱՏՄ անդամ երկրներում: Նրանք փաստում են, որ միությանն անդամակցությամբ առավել պարզեցված ընթացակարգերով բարենպաստ պայմաններ են ստեղծվել բիզնեսի համար:
2015 թվականի հունվար-հունիսի ցուցանիշով ենթաակցիզային ապրանքներից գերակշռում են ոգելից խմիչքների ներմուծումն ու արտահանումը: Մաքսատան պետ Սուրեն Ղազարյանը փաստել է, որ ակցիզային մաքսատունը կիսամյակն ամփոփում է էական աճով. «Մաքսատան մուտքերն ավելացել են 2014թ.-ի առաջին կեսի համեմատ, և դա առանց Մաքսային միության երկրներից ներկրվող այնպիսի ապրանքների, ինչպիսին են բենզինը, ոգելից խմիչքը, ծխախոտը»:
Իսկ ինչ վերաբերվում է ԵԱՏՄ երկրներից ներմուծվող ենթաակցիզային ապրանքների մաքսային հսկողությանը և ձևակերպումներին, ապա դրանք չեն իրականացվում, քանի որ այդ ապրանքների վճարներն արդեն հարկային մարմինն է գանձում՝ ներմուծման օրվան հաջորդող ամսվա մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում: