
Եվ մենք դեռ հպարտանում ենք, որ հզոր բանակ ունենք: Բանակը չկա Վազգենից հետո, ժողովուրդ ջան: Ամեն ինչ հողին է հավասարվել ուղղակի, բանակի անունն է միայն, որ կա: Եղբայրս, ով արդեն երկու տարի է, ինչ ծառայում է Հայաստանի Հանրապետության բանակում, այսօր զանգահարում է և ասում հայրիկիս, որ իրեն զգեստներ ուղարկի, որպեսզի կարողանա վերադառնալ տուն, քանի որ իրենց թույլ չեն տալիս զինվորական հագուստով վերադառնալ և ստիպում են՝ տանից հագուստներ պահանջեն: Ի՞նչ է նշանակում սա: Ինչպե՞ս կարելի է զինվորին թողնել առանց հագուստ ու ստիպել նրա ծնողներին, որ հագուստ ուղարկեն:
Ենթադրենք՝ իմ ծնողը չունի հնարավորություն նոր հագուստ գնելու և որդուն ուղարկելու: Մի՞թե զինվորը չպետք է տուն վերադառնա: Ինչի՞ համար պետք է սպան ծախի ու ուտի զինվորի հագուստը և հետո էլ պահանջի ծնողից հագուստ իր որդու համար:
Եվ սա է մեր ազատ, անկախ ու խարդախություններից զերծ Հայաստանը: Ինչի՞ պետք է զինվորը երկու տարի տանից կտրված, ցրտին, շոգին, քաղցին դիմանալով ծառայի և հետո էլ թույլ չտան տուն վերադառնա զինվորին վայել: Եվ դեռ սա էլ քիչ է: Գիտե՞ք արդյոք՝ ինչ են ուտում զինվորները: Իմացեք բոլորդ, որ զինվորին շատ քիչ տեղերում է, որ բավարար սնունդ են տալիս: Մտնում եմ խանութ և ինչ: Պահածոներ մի շարք, որոնց վրա գրված է՝ չի վաճառվում, ՊՆ պահածոներ, այո, մարդիկ վաճառում են զինվորների սնունդը: Պաշտպանության նախարար, որտե՞ղ ես: