2015-ի մեկնարկը եղավ ծանր տնտեսական պայմաններում: Դրա պատճառների մասին բոլորս էլ քաջատեղյակ ենք ու հարկ չեմ համարում անդրադառնալ:
Վերը նշված պայմաններում գյուղատնտեսությունն այն ոլորտներից էր, որ աճ գրանցեց: Բարենպաստ եղանակի ու մի շարք այլ գործոնների շնորհիվ գյուղացին ունեցավ և դեռ շարունակում է ստանալ առատ բերք: Բնական ու արդեն վերամշակած մրգի մթերման ծավալների աննախադեպ աճի շնորհիվ գյուղացու ողջ արտադրանքն իրացվում է շահավետ պայմաններով: Ճիշտ է՝ կային մարդիկ, ովքեր բողոքում էին բիրգ-բանջարեղենի այսպիսի առատության պայմաններում գնանկման բացակայությունից, բայց պետք է գիտակցել, որ գնանկումը նշանակում է գյուղացու եկամուտների նվազում, և գաղտնիք չէ, որ նրա ողջ տարվա ապրուստը հիմնականում գալիս է հենց այգեգործությունից ու բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությունից:
Արտահանող կազմակերպությունների հիմնական խնդիրներից մեկը եղել է ու կա մաքսակետերում հերթերի գոյացումը, քանի որ սննդի տեղափոխման ժամանակ ամեն րոպեն կարող է ճակատագրական լինել:
Այս հարցը բազմիցս քննարկվել է Կառավարության նիստերի ժամանակ: Ինչպես գիտենք՝ օրերս վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով գտնվում էր Վրաստանում: Բազմաթիվ հարցերի հետ մեկտեղ նա իր վրացի գործընկերոջ հետ քննարկել է նաև վերը նշված խնդիրը: Քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ վրաց-ռուսական սահմանի Դարիալի անցակետի աշխատանքը որոշվել է երկարացնել 3,5 ժամով: Ստացվում է, որ մոտ մեկ ամիս առաջ 3 ժամով երկարացնելուց հետո այս անգամ որոշվեց երկարացնել ևս 3.5 ժամով, այսինքն՝ ընդհանուր առմամբ մեկ ամսվա մեջ այն երկարացվեց շուրջ 6.5 ժամով և կգործի 05.30-24.00-ը:
Այս փաստն էլ ավելի կպակասեցնի խցանումները մաքսակետերում, որի շնորհիվ էլ մթերքի փչանալու ռիսկայնությունը կնվազի, ինչն էլ կարող է ազդել արտահանման ծավալների վրա:
Հ.Գ. Ժողովուրդ ջան, ճիշտ ա՝ միրգ-բանջարեղենի համեմատաբար բարձր արժեքն անհարմարություն է պատճառում, բայց և այնպես պետք չէ մոռանալ, որ այս անգամ էլ գյուղաբնակ մեր հայրենակիցներն են շահում: