Կարդում եմ սահմանագծից եկող լուրերն ու միևնույն ժամանակ թե՛ հպարտություն, թե՛ տագնապ, թե՛ զայրույթ եմ զգում։ Միայն այս գիշեր հրադադարի խախտման ընթացքում հակառակորդը շուրջ 100 ականանետային արկ ու տասնյակ նռնականետային նռնակ է բաց թողել մեր տղաների ուղղությամբ։ Բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չունենք, բայց...
Բայց սա սարսափելի է ու աննախադեպ։ Երբ ես էի ծառայում, այդքան նույնիսկ ինքնաձիգերից չէին կրակում մեկ ամսում, իսկ այսօր արդեն սովորական բան է դարձել, որ ծանր զենքերից տասնյակ ու հարյուրավոր արկեր ու նռնակներ բաց թողնեն։ Հպարտանում եմ մեր տղաներով, որ աննկուն են մնում ու արժանի պատասխան են տալիս ամեն անգամ։
Բայց սա տագնապալի է, որովհետև առանձնապես ոչ մի լուրջ պատճառ չունենալով՝ հակառակորդը մեկ էլ սկսեց անել բաներ, որ 20 տարի չէր արել։ Խոսքը թե՛ ծանր զենքերի կիրառության մասին է, թե՛ դիվերսիոն գործողությունների մասին։ Նշանակում է՝ թշնամին վախը կորցրել է, ու նշանակում է, որ վաղը հնարավոր է, որ էլի առանց պատճառի կամ էլ մանր պատճառով հակառակորդը չբավարարվի զուտ ականանետներով ու սկսի մեր դիրքերը հրետակոծել հաուբիցներով ու համազարկային կրակի համակարգերով։ Չէ՞ որ էլի տաբուներ չկան կարծես թե։
Բայց սա զայրացնում է, ու այս իրավիճակը կարող է չլիներ, եթե 1994 թվականին երկրի ղեկավարությունն ու անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանն այնքան վճռականություն ունենար, որ պատերազմը վերջնական ավարտի հասցներ ու չենթարկվեր ռուս-ամերիկյան ճնշումների։ Սա ֆանտաստիկայի ժանրից չէ, բառիս բուն իմաստով մի երկու շաբաթի հարց էր, որ Ադրբեջանը դադարեր գոյություն ունենալ։ Նրանց բանակը լռիվ բարոյալքվել էր ու դադարել էր կազմակերպված դիմադրություն ցույց տալ, տեղահանվում էր Գյանջայի բնակչությունը, իսկ Ադրբեջանի շրջաններում սկսել էին ազգային-ազատագրական շարժումներ թալիշների ու լեզգինների կողմից...
Բայց դե, ցավոք, մենք մեկ անգամ չէ, որ քաշվել ենք ԼՏՊ-ի վախկոտությունից, մարտի 1-ը վկա, ու հիմա ունենք այն, ինչ ունենք. պարտությունը մոռացած ու ուժերը վերականգնած հակառակորդ ու մեզ ատելու հաշվին գոյություն պահպանող թշնամական պետություն, ինչպես նաև տարեկան տասնյակներով հաշվվող մարտական կորուստներ, որոնք կարող էին չլինել, եթե, կրկնում եմ, ժամանակին երկրի ղեկավարությունն իրեն պահեր հարիր՝ անկախ պետության ղեկավարություն լինելուց։