Ոչ մի խորհուրդ, ոչ մի զգուշացում քեզ հետ չի պահում դասական սխալներ գործելուց: Տարիքի հետ ոչ միայն գալիս է իմաստությունը, այլ կորուստներիդ դառնահամն է քեզ սովորեցնում գնահատել: Գնահատել այն ամենը, ինչը կորցրել ես անփութության, մեծամտության, չզիջելու ու մոռանալու պատճառով: Այդժամ էլ հասկանում ես այն ցավը, որ ժամանակին պատճառել ես նրանց, ում հանդեպ անարդարացի ես գտնվել` չափազանց զբաղված լինելու ու ուղղակի հիմարությանդ ավելի տեղ տալու պատճառով:
Միայն սեփական ցավի և անհաջողությունների ժամանակ ես ամբոխի մեջ տագնապալի հայացքով փնտրում նրանց, ովքեր իրականում եղել են ազնիվ, անկեղծ ու նվիրված քեզ, և ում իրականում վիրավորել ես` տրվելով «ժամանակավոր» մարդկանց:
Այլևս ոչ մեկին հետ չես բերելու, չէ` գուցեև մի անգամ, մի օր, երբ բոլոր ժամանակավորները քեզ մոռանան, քեզ կայցելեն նրանք, ովքեր կասեն, որ առանց քեզ իրենց կյանքն էլ է դատարկվել: Այնինչ «ժամանակավորները» կփնտրեն նոր հիմարների, որոնցից տզրուկի նման կքաշեն այն կենսականը, որը երբևիցե այդ հիմարները ստացել են Հավատարիմներից:
Սա կյանքն է, որը բոլորի մոտ էլ նույն ընթացքն է ունենալու` մեկի մոտ` դաժան, մյուսի մոտ` ավելի:
Երբեք մի պահանջեք ձեր սիրելի մարդկանցից սիրո ապացույց: Երբեք մի նեղացրեք նրանց: Նրանցից յուրաքանչյուրին վանելուց դուք մոտեցնում եք ձեր մենակ մնալու և հոգեպես դատարկվելու ժամը: Սերը և համբերությունն ունեն մի հստակ տարբերություն: Առաջինը հավերժ է, երկրորդը` ոչ: