Ինչպես գիտեք, երկու օր առաջ որոշում է կայացվել (վերջապես) ձերբակալել Լիսկայի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին։ Ու հիմա մոտս ակամայից հարց է առաջանում. սա իրո՞ք հանրային ճնշման հետևանք էր, թե՞ ուղղակի ուզում են պատմությունը ցրել։
Ի վերջո, մարդկանց բերանը փակելու համար կարող են հիմա ձերբակալել ու հետո նույնիսկ դատել։ Ողջ հարցը նրանում է, թե ինչ սռոկ կտան ու կտա՞ն արդյոք։ Թե չէ, կարող ա, ասենք, մինիմալ սռոկ տան ու այն էլ պայմանական կամ էլ մի երկու ամիս նստի, հետո առանց ավելորդ աղմուկի բաց թողնեն... Կամ էլ, որ պակաս հավանական չի՝ անմեղ ճանաչեն։ Մեր արդարադատության համակարգ կոչվող բառդակին շատ չկա՝ տենց հարամություններ չի, որ արել են, ու զուր չէ, որ ոչ ոք այսօր չի վստահում մեր դատարաններին։
Մյուս կողմից, կա գոնե տեսական հավանականություն, որ, տեղի տալով հանրային ճնշմանը, իշխանություններն, այնուամենայնիվ, որոշել են ձերբազատվել ավելորդ գլխացավանքից, որովհետև Լիսկայի որդին պատոււհաս է դարձել ոչ միայն Սյունիքի համար, այլև ողջ իշխանական բուրգի, որովհետև այս լակոտի ամեն արարքի քաղաքական մինուսներն ավելի մեծ են, քան ցանկացած պլյուս, որ կարող է ապահովել Լիսկան։ Տիգրան Խաչատրյանն այլևս չի էլ ընկալվում որպես անհատ, նա հանրության համար մարմնավորում է «պաշտոնավորի հղփացած լակոտ» հասկացությունը՝ իր ամենաբացասական կողմերով, ուստի զարմանալի չէ այն բուռն բացասական արձագանքը, որը նաև պրոյեկտվում է ողջ իշխանական համակարգի վրա Տիգրան Խաչատրյանի ամեն մի զանցանքից հետո։