Փրկարար, դերասան, բոդիբիլդեր, պարզապես Լևոն Հովհաննիսյան:
Նրան անհնար է չնկատել, որովհետև նման հաղթանդամ տղաների ամեն քայլափոխի չես հանդիպի:
Մասնագիտությունը
Լևոն Հովհաննիսյանն ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը, մասնագիտությամբ փրկարար է: Զբաղվում է բոդիբիլդինգով, ֆիթնեսով, հանդես է գալիս ֆիլմերում և տեսահոլովակներում:
Փրկարար, դերասան, բոդիբիլդեր
Նրա խոսքով փրկարարությունն անմիջականորեն կապված է էքստրիմի ու ադրենալինի հետ, որն ինքը շատ է սիրում, դերասանի վարպետության մասին ոչինչ ասել չի կարող, նման կրթություն չունի, իսկ ահա սպորտն իր արյան մեջ է:
Մկանային կուտակում, մինչև ե՞րբ
Եթե հետևեք Լևոնի սոցցանցերի էջերին, ապա լուսանկարներից երևում է, որ նա օրեցօր մկանային զանգված է կուտակում: Նրա խոսքով ինքը երբեք չի փորձում մեծացնել իր զանգվածն առանց որակի: Խնդիրը միայն չափերը չեն, այլ մաքուր մկանային զանգվածը, բացատրում է Լևոնը: Էսթետիկ տեսք ունենալու համար պետք է մարմինդ կառուցես դանդաղ:
Մկաններն աղջիկներին գրավելու նախապայմա՞ն
Լևոնի խոսքով՝ աղջիկներն ուզած-չուզած չեն կարող անտարբեր անցնել նման կազմվածքով տղամարդկանց կողքով, որովհետև բնությունը պարտադրում է տղամարդուն լինել առնական, իսկ հակառակ սեռին դա ուղղակի չի կարող դուր չգալ, եթե կինն արդեն հասունացել է ու թացը չորից տարբերում է: Եթե նույնիսկ նա ժխտում է դա, միևնույնն է՝ նրա ենթագիտակցությունն այլ բան է ասում, համոզված է Լևոնը:
Կլիպի տղան
Լևոնը հանդես է եկել բազմաթիվ հայկական տեսահոլովակներում և ֆիլմերում, ինչպիսին են Գրիգոր Կյոկչյանի «Գնում ենք պարելու»-ն, Վաչե Ամարյանի «Улетай»-ը, Ազնավուրի «Տաշիրը» և այլն: Նկարահանվել է «Որոգայթում»-ում, «Ժառանգները» սերիալում: Նրա խոսքով՝ ոչ մի քասթինգային ընկերության կազմում չկա, պարզապես նկատել են իրեն ու առաջարկել փորձել:
Աղջիկներ
Լևոնի խոսքով, իսկապես հաճելի է, որ կողակիցդ «նույն թիմից» է, բայց միևնույն ժամանակ իրեն դուր են գալիս նուրբ ու կանացի աղջիկները, կարևոր է նաև այն, որ աղջիկը դատարկ չլինի, ու խոսքն այդքան IQ-ի մասին չէ, որքան «իզյումինկա» կոչվածի:
Ապագան
Լևոնը շատ է սիրում Երևանը, սակայն նշում է, որ մեր երկրում մարդկանց հաճախ են կոտրում, որն էլ մտածելու տեղիք է տալիս՝ մնա՞լ, թե՞ հեռանալ: