Տևական ժամանակ լռում էի՝ չուզենալով խորանալ սույն թեմայի մեջ: Բայց, հավանաբար, ժամանակն է եկել իրերն իրենց անուններով կոչելու...
Ովքե՞ր են բոլորից շատ հրապարակներում հանդես գալիս ընդդեմ երկրի նախագահի ու իշխանությունների, ովքե՞ր են բոլոր առիթներով քննադատություն հնչեցնում, իհարկե, միամիտ ունկնդիրներին զարմանալիորեն մոլորեցնելով ենթատեքստերի պարտակումներում:
Նկատենք, հիմնականում նրանք, ովքեր բոլորից շատ են օգտվել և օգտվում երկրի ու իշխանությունների ընձեռած բարիքներից, ովքեր, իրենցից ոչինչ չներկայացնելով, միշտ փրփուրի նման հայտնվում են «վերևներում», ովքեր հասցրել են ունեցվածք դիզել, կապեր հաստատել ամենատարբեր գրանտատու կազմակերպությունների հետ, ովքեր երբեմն էլ առանց աշխատելու շատ լավ ապրում են... Ցավոք, նմանների շարքում կան նաև լրատվամիջոցներ, որոնք հանուն փողերի պատրաստ են անգամ ազերիների գարշապարերը լիզել, սևացնել մեր երկիրը... Մեր դիվանագիտական մի շարք պարտությունների, Արևմուտքի կողմից շատ հաճախ մեր ազգային շահերը ոտնահարելու մեղավորներն առաջին հերթին նաև այս «փրփուրներն» են: Ու ցավում եմ, որ իշխանությունները շատ ավելի կարևորում են սրանց, քան երկրի ու ժողովրդի, նաև՝ իշխանությունների, բախտով մտահոգ մտավորականներին: Հենց այս տեսակն է, որ հանրային գիտակցությունը սղոցելով՝ ցանկանում է արմատավորել այն միտքը, թե մենք մտավորականություն չունենք, թե միայն իրենք են կոչված ազգային առաջնորդներ, տարբեր շարժումների ղեկավարներ լինել...
Ջայլամային մտայնություն, որը, կարծում եմ, կստանա իր հակահարվածը։
Հույս ունեմ, որ մեր իշխանությունները և մասնավորաբար Սերժ Սարգսյանը երկիրը ճշմարիտ ուղիով տանելու, մարտահրավերները դիմակայելու հարցում ունկնդիր կլինեն մտավորականությանը, ոչ թե շատ ամբոխավարների, որոնց ամեն մի հերթական «միջոցառման» հիմքում նոր փողեր ստանալու ակնկալիքն է...
Նաև հույս ունեմ, որ առաջիկայում նախագահ Սերժ Սարգսյանը կնախաձեռնի հանդիպումներ մտավորականության ներկայացուցիչների հետ՝ քննարկելով ՀՀ սահմանադրության բարեփոխումները: Մտավորականության խոսքը կարող է ամենակարևորն ու արժեքավորը լինել...
...1970-ականներին, երբ համաժողովրդական քննարկումներ էին ընթանում բրեժնևյան սահմանադրության առթիվ, Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ ես՝ 23-24 տարեկան երիտասարդ, երկու ուղղում և մի առաջարկություն արեցի: Երբ ավարտվեց քննարկումը, մտածեցի, թե մոռացության կտրվի: Հաջորդ օրն ինձ հրավիրեց իր մոտ կուսակցության քաղկոմի առաջին քարտուղար Հայկ Օհանյանը: Հետաքրքրվեց իմ առաջարկությամբ: Նա նաև ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր էր: Խոստացավ ներկայացնել իմ ուղղումներն ու առաջարկությունը: Մեկ շաբաթ անց ինձ ընդունեց ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Բաբկեն Սարկիսովը, հանգամանորեն լսեց: Հետո, երբ ընդունվեց Սահմանադրությունը, անսպասելի ինձ կանչեցին Մոսկվա, ԽՍՀՄ Գերագույն խորհուրդ, սահմանադրական գործընթացներն իրականացնող հանձնաժողովի փոխնախագահի մոտ: Շնորհակալություն հայտնեցին, ապա տվեցին Պիցունդայի ուղեգիր՝ իբրև պարգևատրում:
Ինչո՞ւ սա պատմեցի: Որովհետև անգամ այդ տոտալիտար երկրում լսում էին քաղաքացիների կարծիքները, գնահատում:
Հուսամ, որ մեր երկրի նախագահը կլսի մտավորականներին, եթե ուզում է ունենալ իսկապես բարեփոխված սահմանադրություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/677350309036097
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել