Օրերս ադրբեջանական թերթերից մեկում տեղեկություն էր հայտնվել, որ Ուկրաինայում մի քանի ադրբեջանցի ուսանող ստեղծել են «Ազերբանդերա» խմբավորումը` ռուսների դեմ կռվելու համար: Սույն ուսանողներից մեկը՝ Այխան Հաջիբեյլին, որն, ի դեպ, «Մուսավաթ» կուսակցության անդամ է, նշել է, որ այս պատերազմում Ուկրաինայի հաղթանակը բխում է Ադրբեջանի ազգային շահերից: «Ես լրագրող եմ և ուսանող: 2012թ.-ից այստեղ եմ, և ինձ ոչ մեկ այստեղ չի կանչել: Ես Ադրբեջանի քաղաքացի եմ և ոչ մի գործողություն չեմ ձեռնարկում, որը կխախտեր Ադրբեջանի օրենսդրությունը: Ուկրաինայում հարյուրավոր ադրբեջանցիներ են կռվում: Զոհվածներ էլ կան: Ուկրաինայի հաղթանակը բխում է Ադրբեջանի շահերից», - ասել է Հաջիբեյլին:
Հետաքրքիր անկեղծություն էր ադրբեջանցի երիտասարդի կողմից, սակայն նորություն չէ, որ այնտեղ ադրբեջանցիներ են կռվում: Համենայն դեպս, սույն երիտասարդը համարում է, որ չի խախտում Ադրբեջանի օրենսդրությունը, այնինչ, ըստ այդ երկրի կանոնադրության՝ Ադրբեջանի քաղաքացիներն իրավունք չունեն մասնակցել օտար երկրներում ռազմական գործողությունների։
Ահա մի հետաքրքիր լուսանկար, որտեղ անհայտ անձը կրում է «Ազերբանդերա» խմբավորման համազգեստ և միևնույն ժամանակ Գորշ գայլերի հայտնի ժեստն է անում: