Ճամփորդության իսկական ոգին կարելի է զգալ միայն ուսապարկով՝ փորձելով սեփական ուժերը և դառնալով հիասքանչ երկրի անբաժանելի մասնիկը։
Աստիճաններ դեպի երկինք, Հավայան կղզիներ
Հայկույի արահետը կամ, ինչպես անվանում են այն՝ «աստիճաններ դեպի երկինք», 4000 աստիճաններից բաղկացած էքստրեմալ ճանապարհ է Հավայան կղզիներում, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կառուցել են ամերիկացի զինվորականները։ Տեղի իշխանությունները երբեմն արգելում են բարձրանալ վտանգավոր աստիճաններով, սակայն դրանից ցանկացողների թիվն ամենևին չի պակասում։ Եթե երբևէ այցելեք այնտեղ, հիշեք գլխավոր կանոնը՝ ներքև չնայել...
Ուխտագնացության ճանապարհ, Սիկոկու, Ճապոնիա
Սիկոկու կղզում անթերի կերպով պահպանվել է հնամյա Ճապոնիայի ողջ հմայքը։ Այդ իսկ պատճառով ամբողջ կղզով անցնող ճանապարհին կարելի է հանդիպել ոչ միայն ուխտագնաց բուդդիստների, այլև բազմահազար տուրիստների։ Երկու ամիս տևող ճանապարհին կարելի է տեսնել 88 հնամենի բուդդիստական վանք՝ գեղեցիկ ճապոնական այգիներով և հասնել հոգեկան խաղաղության։
Ինկերի արահետը, Պերու
Ինկերի կառուցած 600-ամյա ճանապարհով անցնող տուրիստները մեկ հայտնվում են ջունգլիներում, մեկ բարձրանում լեռները։ Իսկ վերջում սպասվում է իսկական բացահայտում՝ «քաղաքն ամպերի մեջ»՝ ինկերի կայսրության սուրբ քաղաքը՝ Մաչու-Պիկչուն։
Սարեկի ազգային պարկ, Շվեդիա
Լապլանդիան՝ Ձյունե թագուհու երկիրը, հեքիաթ չէ, սակայն բնապատկերներն այստեղ իսկապես հեքիաթային են։ Հյուսիսային վայրի բնությանը կարելի է ծանոթանալ Սարեկի ազգային պարկում։ Այստեղ ճանապարհորդներին սպասվում են Շվեդիայի ամենաբարձր լեռները, գետերը, սառցադաշտերը, հյուսիսափայլն ու ազատության անկրկնելի զգացողությունը։
Լիկիական արահետ, Թուրքիա
«All inclusive» հանգիստն ամենևին էլ ամենը չէ, ինչ կարող է առաջարկել Թուրքիան։ Լիկիական արահետն իսկական հրաշք է՝ երկնագույն անապատային ծովախորշերով և ժայռերում ամփոփված դամբարաններով, որոնք մնացել են 3000-ամյա անտիկ Լիկիայից։
Կրակե ծովածոց, Ավստրալիա
Կրակե ծովածոցն իր անվանումն ստացել է մերձափնյա ժայռերի արտասովոր գույնի պատճառով։ 4 օր տևող ճանապարհին կարող եք տեսնել իսկապես անկրկնելի սպիտակ ավազը, հսկայական նարնջագույն ժայռաբեկորներ և երկնագույն օվկիանոսը։
Ցամաքային արահետ, Ավստրալիա
Հանրաճանաչ ավստրալիական ճանապարհն անցնում է Թասմանիայի գեղեցկագույն վայրերով՝ լեռնային բարձրավանդակների, բյուրեղյա մաքրության լճերի և ջրվեժների հարևանությամբ։
Սուրբ Հակոբոսի ուղին, Իսպանիա
Այս ճանապարհով միջնադարում անցնում էին ուխտագնացները, որպեսզի խոնարհվեն Իսպանիայի պահապան Սուրբ Հակոբոսի գերեզմանին։ Մեր օրերում ճանապարհը կրկին պոպուլյար է դարձել, և այս գործում մեծ դեր է խաղացել Պաուլո Կոելյոյի «Մոգի օրագիրը»։ Այսօր այն ճանապարհով անցնում են ոչ միայն ուխտագնացները, այլև բոլոր նրանք, ովքեր ձգտում են ինքնաճանաչության։ Սա յուրահատուկ խորհրդավոր ճանապարհ է դեպի ինքդ քեզ...
Զիոնի ազգային պարկ, ԱՄՆ
Զիոնը հարուստ է ժայռակույտերով, քարե սարահարթներով և խորդուբորդ արտառոց թունելներով։ Եվ այդ բոլորը ներկված է տարբեր գույներով՝ վարդագույն, կարմիր, նարնջագույն, զմրուխտագույն և կապույտ։ Այս ֆանտաստիկ վայրում դժվար է հավատալ, որ դու Երկիր մոլորակում ես գտնվում։
Հետիոտնային հետքեր Աննապուրնիի շուրջ, Նեպալ
Լեռնային Աննապուրնիի շուրջ այս ճամփորդությունից ոչ ոք չի վերադառնում այնպիսին, ինչպիսին մինչ այդ էր։ Նեպալ՝ աշխարհի ամենավսեմ լեռներ, ամենախոր քարանձավներ և ժայռերում ծվարած բուդդիստական վանքեր...