Շաբաթ օրը տեղի կունենա ֆուտբոլի Աշխարհի 2018թ.-ի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը ևս կիմանա իր մրցակիցներին: Բայց միշտ իմանում ենք ընդամենը. ոչինչ ավելին: Ինչպես յուրաքանչյուր նմանատիպ վիճակահանությունից առաջ, այս անգամ նույնպես հայ ֆուտբոլասերը սրտի թրթիռով է սպասում մեր ընտրանու առաջիկա մրցակիցներին: Ոմանք սպասում են՝ իմանալու, թե աշխարհահռչակ որ ֆուտբոլիստին են տեսնելու սեփական աչքերով, որ ուժեղ հավաքականն է ժամանելու Երևան, իսկ ոմանք էլ՝ հասկանալու՝ վերջապես խոշոր ստուգատեսներում մեր հավաքականին տեսնելու հեռանկար կա՞ արդյոք: Առայժմ հայ ֆուտբոլասերը միայն «բավարարվել է» հույսեր փայփայելով: Մենք ունեցել ենք մեզ համար ընդունելի վիճակահանություն, ունեցել ենք խմբից դուրս գալու հնարավորություն, բայց, ինչպես միշտ, ձախողվել ենք: Այս անգամ, իրավամբ, մեր ֆուտբոլասերների սրտում, թեկուզ ամենախորը և փոքր անկյունում, կրկին կա այդ հույսը: Կարծես թե մնում է միայն տեղեկանալ, թե որ հավաքականների ընկերակցությամբ ենք սկսելու ճանապարհը դեպի Ռուսաստանի խաղադաշտեր: Բայց ամեն ինչից զատ անհանգստանալու առիթ է տալիս հենց մեր հավաքականի խաղը: Արմատական փոփոխություններ են անհրաժեշտ նախևառաջ խաղային տեսանկյունից: Անհրաժեշտ են նոր մտահղացումներ, նոր մոտեցումներ, թարմ մտածելակերպ, կազմի համալրում և ուժեղացում... Թվարկել կարելի է երկար: Սակայն այս պահին ուշադրությունն առաջնահերթ ուղղված է վիճակահանությանը: Ո՞ր հավաքականների հետ խաղալու դեպքում հնարավորություն կունենանք դուրս գալ խմբից: Հաշվի առնելով առաջին զամբյուղի ուժեղ կազմը՝ կարծում եմ, որ ընդունելի տարբերակը Ռումինիայի ընտրանին է: Երկրորդ զամբյուղը՝ իր ուժով, ամենևին չի զիջում առաջինին: Բայց, ի տարբերություն առաջին զամբյուղից ընտրված միակ ընդունելի տարբերակի, երկրորդում կան 3 հավաքականներ, որոնց կարելի էր տեսնել մեր խմբում. Սլովակիա, Դանիա, Բոսնիա: Երրորդ զամբյուղ. այստեղ հավաքված են հավաքականներ, որոնք, կարելի է ասել, հավասարազոր են: Բայց «նախապատվությունը» միգուցե կարելի է տալ Հունաստանին: Չորրորդ զամբյուղի ակնհայտ «ետնապահը» Ֆարերյան կղզիներն են (ընդունելի է նաև Էստոնիայի տարբերակը): Իսկ վերջին զամբյուղից կընդունենք Սան Մարինոյի և Անդորայի թեկնածությունները:

Ստացվում է հետևյալը. խմբից դուրս գալու իրական հնարավորություն ունենալու համար լավ տարբերակ է մեր խմբի հետևյալ կազմը.

1. Ռումինիա
2. Դանիա
3. Հունաստան
4. Ֆարերյան կղզիներ
5. ՀԱՅԱՍՏԱՆ
6. Սան Մարինո

Իսկ եթե ցանկանում ենք Երևանում տեսնել ուժեղ հավաքականների՝ իրենց առաջատար աստղերի հետ, ապա համապատասխանում է հետևյալ կազմը.

1. Անգլիա
2. Իտալիա
3. Շվեդիա
4. Նորվեգիա
5. ՀԱՅԱՍՏԱՆ
6. Վրաստան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել