Շատ տատիկների ու մայրիկների մոտ սրբազան պարտականություն է համարվում ամեն գնով երեխային կերակրելը։ Ու հաճախ լինում է այնպես, որ երեխային ստիպում են սնվել այն պահերին, երբ նա բացարձակապես սոված չէ, ու որպեսզի կարողանան համոզել նրան, մեծահասակները տարատեսակ խորամանկությունների են դիմում։ Եթե Ձեր բալիկն առողջ է, կենսուրախ, արագ քաշ է հավաքում, ապա Ձեզ անպայմանորեն կհետաքրքրի այս հոդվածը։ Ձեզ ենք ներկայացնում 4 հիմնական սխալները, որոնք թույլ են տալիս ծնողները երեխային կերակրելիս, որոնք հետագայում կարող են լուրջ հետևանքներ ունենալ։

1. Կերակրել ամեն գնով

Մեկ տարեկանից բարձր երեխաների համար սնունդի ընդունումն այլևս առաջնային նշանակություն չունի։ Այս փուլում երեխան ավելի շատ ձգտում է ուսումնասիրել շրջապատող աշխարհը, ոչ թե քաղցը հագեցնել։ Բացի դրանից, այս տարիքում երեխաները սկսում են բծախնդրություն դրսևորել կերակուրների հանդեպ, ու մեծահասակները սկսում են ջանալ խաբել պստիկին։ Նրանք սկսում են տարատեսակ էլեկտրոնային սարքերով շեղել բալիկին սնվելու ժամանակ, հեքիաթներ են կարդում, տիկնիկներով ինչ-որ բաներ են ցույց տալիս, վախեցնում են տարբեր մտացածին կերպարներով, վազում են երեխայի հետևից՝ ափսեն ու գդալը ձեռքներին…

Արդյունքում երեխան, իհարկե, ուտում է, բայց տուժում է սնունդ ընդունելու կուլտուրան ու առողջությունը։ Եթե անընդհատ շեղես երեխային, ապա նրա օրգանիզմն ավելի բարդ կմարսի ու կյուրացնի սնունդը։ Երեխան ամբողջովին չի զգում դրա համը, ու եթե երեխան մշտապես է այսպես սնունդ ընդունում, ապա հետագայում դա կարող է հանգեցնել մարսողության հետ կապված բազմաթիվ խնդիրների։ Ճիշտ մարսողության համար անհրաժեշտ է ախորժակ, ու այդ դեպքում օրգանիզմը նորմալ կյուրացնի սնունդը։ Եթե երեխան ակտիվ է ու առողջ, բայց չի ցանկանում սնվել, ապա նա պարզապես քաղցած չէ, իսկ երբ նրա օրգանիզմը զգա դրա կարիքը, ապա երեխան ինքը կխնդրի դրա մասին։ Դե իսկ եթե նա հիվանդագին տեսք ունի ու հրաժարվում է սնունդից, ապա պետք է դիմել բժշկի, ոչ թե զոռով կերակրել երեխային։

2. Մինչև վերջին փշրանքը

Հաճախ ծնողները ստիպում են, որպեսզի երեխան մինչև վերջ ուտի այն ամենը, ինչ լցրել են ափսեի մեջ։ Ընդ որում, երեխային մատուցվող կերակրի քանակը նրանք որոշում են առավելապես Փեփռուշ տատի ասածների ու սեփական պատկերացումների վրա հիմնվելով, իսկ դա կարող է խախտել երեխայի ախորժակը։ Դա կարող է առաջացնել հակակրանք սնունդի հանդեպ, ինչպես նաև խանգարել երեխային սեփական օրգանիզմի պահանջմունքները ճանաչելու հարցում։ Այսպիսով, երեխայի մոտ կարող է սկսվել սնունդի չարաշահում, ու նա կսկսի ուտել ոչ թե նրա համար, որ սոված է, այլ հաճույք ստանալու համար։ Եթե երեխան միշտ ինչ-որ բաժին է թողնում ափսեի մեջ, ապա գուցե պետք է քչացնել նրա չափաբաժինը ու, գտնելով այդ ոսկե միջինը, կարելի աստիճանաբար ավելացնել այն։

3. Ուտելիքի բազմազանություն

Հաճախ երեխան չի ուտում մանրաձավարի շիլա (манная каша), բայց շատ է սիրում, ասենք, մակարոնեղեն, իսկ հետո սկսում է պահանջել ամեն օր մակարոնեղեն պատրաստել։ Ուստի զբաղված մայրիկներն էլ ավելի են բարդացնում ու առաջարկում են երեխաներին մի քանի ուտեստներ ու այդ կերպ էլ ավելի են երես տալիս երեխային։ Պետք չէ վարվել այդ կերպ։ Եթե երեխան չի ցանկանում ուտել Ձեր պատրաստած ուտեստը, ապա նա պարզապես բավականաչափ քաղցած չի դեռ, ու պետք է սպասել այնքան, մինչև նա ինքը ցանկանա ուտել։

4. Հյուր եղած ժամանակ սնվելու կուլտուրան

Հաճախ մեծահասակներն ուշադրություն չեն դարձնում, թե ինչպես է երեխան պահում իրեն ուտելու ժամանակ ու չեն սովորեցնում սեղանից օգտվելու կուլտուրա, երբ իրենց տանն են, բայց երբ հյուր են գնում, սկսում են կշտամբել այն բաների համար, որոնց վրա տանն ուշադրություն չեն դարձնում։ Երեխան չի հասկանում, թե ինչ է կարելի է անել, իսկ ինչ՝ ոչ… Եթե Դուք ցանկանում եք, որպեսզի Ձեր զավակը հավուր պատշաճի պահի իրենց սեղանի շուրջ, ապա սովորեցրեք նրան ու ինքներդ օրինակ ծառայեք երեխային։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել