Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախօրեին ողջ օրվա ընթացքում հակառակորդի կողմից ինտենսիվորեն խախտվել է հրադադարի պահպանման ռեժիմը:
Նշենք, որ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց, այդ թվում՝ 60 միլիմետրանոց ականանետերից 123 արկ, ՌՊԳ-7 տիպի նռնականետերից 3 արկ և խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 140 կրակոց: Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները լռեցվել են ՊԲ առաջապահ զորամասերի պատասխան գործողություններից հետո:
Հրադադարի ռեժիմի խախտման վիճակագրությունը դիտարկելիս պարզ երևում է, որ ադրբեջանական կողմի նման պահվածքն արդեն ոչ թե քաղաքական կամ ներքաղաքական, ավելին՝ բանակցային գործընթացի վրա ուշադրություն կենտրոնացնելու միտումներ ունեն, այլ դարձել է ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳԻԾ:
Բոլորին քաջ հայտնի է, որ Ադրբեջանում եթե ներքաղաքական անկայուն իրավիճակ է ստեղծվում, ադրբեջանական կողմը դիմում է սահմանային լարվածության ակտիվացման քայլերի, երբ Մինսկի խմբի համանախագահներն այցեր են կատարում տարածաշրջան, ապա այցերին նախորդող և հաջորդող ժամանակահատվածում հրադադարի ռեժիմը խախտվում է ադրբեջանական կողմից, նախագահների մակարդակով բանակցային հանդիպումներին նախորդող կամ հաջորդող հատվածներում նույնպես ադրբեջանական կողմն իրեն պահում է նույն կերպ:
Մի կողմից հասկանալի է պարտվողի հոգեբանության այս դրսևորումը հայկական կողմի կազմակերպված պահպանությունը, մարտունակությունն ամեն կերպ խոցել ցանկանալու ծարավը, իսկ մյուս կողմից անհասկանալի է Մինսկի խմբի համանախագահող երկրների, ինչպես նաև միջազգային հանրության ռեակցիան, առավել ևս երկակի ստանդարտներ պարունակող հայտարարություններն այդ կապակցությամբ:
Ինչ խոսք, հայկական զինուժը համարժեք ու հաստատակամ ապտակներով լռեցնում է հակառակորդի սադրիչ գործողությունները: Պետք է նշենք, որ Ադրբեջանի համար նաև բնավորության գիծ են դարձել ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՏԱԿՆԵՐԸ, այնպիսի տպավորություն է, որ առանց ապտակների կյանքը լիարժեք չի: