Երբ Վարդան Պետրոսյանը հայտնվեց ավտովթարի պատմության կիզակետում, նրան անմիջապես ձերբակալեցին ու նույնիսկ չսպասեցին, որպեսզի նա անցնի բոլոր անհրաժեշտ բժշկական պրոցեդուրաները։ Ու սա այն պարագայում, երբ նույնիսկ Վարդանին ատող մարդիկ չեն կարող պնդել, որ նա հանրային վտանգ էր ներկայացնում իրենից։ Նրա խափանման միջոցը մինչև վերջ էլ մնաց կալանքը։

Եթե անձամբ ես ինչ-որ մանր զանցանք գործեմ, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում, ապա վստահ եմ, որ իմ նկատմամբ նույնպես կկիրառվի նույն խափանման միջոցը՝ կալանքը, եթե իհարկե փող ու ծանոթ չխաղացնեմ, չնայած ակնհայտ է, որ ես էլ հանրային վտանգ չեմ ներկայացնում։

Սակայն չմոռանանք, որ մենք ապրում ենք աբսուրդների երկիր Հայաստանում, որտեղ մաքուր մանիակ ու մոլագար հանդիսացող Տիգրան Խաչատրյանի՝ Լիսկայի որդու հետ պատրաստ են ամիսներով նազուտուզ անել, չնայած հանրային լուրջ դժգոհությանը ու նրան, որ Լիսկայի որդին միանշանակ հանրային վտանգ է ներկայացնում իրենից։ Թարմ լուրն ուզո՞ւմ եք իմանալ. մեր ազիզ մարզպետի հալալ բալեն չի ներկայացել Քննչական կոմիտե, որպեսզի մասնակցի Սդղի գյոլի ծեծկռտուքի գործով առերեսմանն ու գրություն է ուղարկել, որ կարող է 4 օրից ներկայանալ, երբ իր փաստաբանը երկրում լինի։

Ջան եմ ասել։ Էստեղ են ասել, որ ձու գողացողի բանը բուրդ ա, իսկ ձի գողացողին՝ ոչինչ։ Ու ամոթներն այն աստիճան են կորցրել, որ այս ամենն անում են մի իրականությունում, որտեղ արդեն հաշված ժամեր հետո նման տեղեկատվությունը դառնում է հասանելի հանրության համար։ Իրոք խայտառակություն է Քննչական կոմիտեի կողմից ու մեծագույն լկտիություն Խաչատրյանների կողմից, չնայած հլա ո՜ւր ենք, մենք հո գիտե՞նք, որ լկտիության առումով սրանք անգերազանցելի բարձունքներում են։

Մեր իրականությունում չկա ավելի տհաճ ու նյարդայնացնող բան, քան ընտրողական արդարադատությունը։ Չի կարելի այսպես ծաղրել այդ կարևորագույն սյունը, որի վրա հիմնվում է ցանկացած նորմալ պետություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել