«Իյա, այ ախչի՞, էս էլի էրեխա՞ եք ունեցել, - հեգնեց սոցծառայության աշխատակիցը,-էս աչքիս արագիլը ձեր տան կռիշին բուն է դրել: Էս էսքան օր կբերես ու կշարես, ո՞վ բդի պահե, խելք ունի՞ս, թե՞ չէ» (բրբ):
Մոտ 36 տարեկան բազմազավակ մայրը կաս-կարմիր կտրեց, ամաչեց ու քթի տակից թե՝ «Հա բա ի՞նչ անեմ, հո չէ՞ի սպանի, կպահենք էլի»: Մտքում հավանաբար մտածեց. «Հորդ գրպանից չես տա էդ փողը, օր վրես էլ շախա գուկաս» (բրբ):
«Վայ, քանդվի էն արագիլի բունն, որ ձեր կռիշին է»,-ծիծաղելով շպրտեց սոցաշխատողն ու խորացավ փաստաթղթերի մեջ:
Իսկապես որ, թվում է, թե բազմազավակ ընտանիքները լուծում են երկրի դեմոգրաֆիկ խնդիրը: Հաշվի առնելով ամեն օր մեկնողների քանակը՝ ծնելիությունը փրկություն է դառնում երկրի համար: Սակայն մի խնդիր կա, որ երիտասարդ ընտանիքները չեն ցանկանում երկու երեխայից ավելի ծնել, քանի որ հետագայում նրանց առջև ծանրանում է երեխաներին մեծացնելու լուրջ և բավականին պրոբլեմատիկ խնդիրը:
Կառավարությունը խրախուսում է երեխաների ծնունդը՝ վճարելով միանվագ գումարներ, որոնք նախ ծիծաղ են առաջացնում ծնողների մոտ, իսկ այնուհետև վիրավորանք, քանի որ ընտանիքը այդ գումարով հազիվ վճարում է կուտակված պարտքերը: Որպես կանոն, նման ընտանիքներում միայն հայրն է աշխատում, քանի որ մայրը պարզապես խնամում է նորածնին և հոգ տանում մյուս երեխաներին:
Հարց եմ ուզում տալ ձեզ, պարոնայք նախարարներ, դեպուտատներ և համապատասխան ծառայությունների աշխատակիցներ. եթե Հայաստանում մինիմալ աշխատավարձը կազմում է 35000 դրամ, իսկ տղամարդն իր արդար քրտինքով վաստակում է 100-ից 150 000 դրամ (ես էլ չեմ խոսում մարզերի և նամանավանդ Շիրակի մարզի մասին, որտեղ աշխատուժն ընդհանրապես թրաֆիկինգի է ենթարկվում), ապա այդ աշխատավարձով ինչպե՞ս կարող է բազմազավակ հայրն իր ընտանիքի կարիքները հոգալ: Սա նշանակում է, որ այս ընտանիքը տարին տասներկու ամիս գտնվում է քաղցած վիճակում, և երեխաները թերսնվելով թերզարգացում են ունենում: Կա ևս մի հարց, որից մենք խուսափում ենք. հաճախ նման ընտանիքներում ծնվում են հաշմանդամ երեխաներ, դուք պատկերացնո՞ւմ եք այդ ընտանիքների անճարությունն ու խեղճությունը, երբ նրանք բախվում են դժբախտության կամ պարզապես ընկնում են բժշկի դուռը:
«Մամ, ապերի շալվարը հագս չի էղնի, կամընչեմ հագնիմ, տոտերը կարճցել են, էրեխեքը վրես կխնդան», «ըըա իմս, վրա է տալիս ավագ աղջիկը, կոշիկներս մաշել են ու ծակել, դպրոցի էրեխեքը զարմացած ոտներիս կաշեն» (բրբ):
Ու մայրը նայում է գլուխը ձեռքերի մեջ առած երիտասարդ ամուսնու՝ արդեն ծերացած դեմքին ու աղերսանքով գլուխը տմբտմբացնում, թե՝ ի՞նչ ենք անելու, այ մարդ:
Զարմանալին այն է, որ բազմազավակ ծնողներին առաջինը «խաչողը» հասարակությունն է՝ հարևանը, բարեկամը, մանկաբարձը կամ սոցծառայության աշխատակիցը: Փոխարեն աջակցության ձեռք մեկնեն և քաջալերեն, որ ամուսինները երեխաներ ծնեն:
Լսե՞լ եք երբևէ, թե պառավ տատիներն ինչպես են քաջալերում. «Քա, ախչի ջան, բան չկա, դարդ մի էրա, ըսօր ընօր շորը կհագնին կմեծանան էլի, քթի խլինքը կուլ կուդա, կկշտանա ու կմեծընա, ըբը» (բրբ):
Հայաստանում օլիմպիական չեմպիոններին թագավորական պարգևատրման են արժանացնում, և ես կասեի՝ լավ էլ անում են: Սակայն բազմազավակ չեմպիոն, ոսկե մեդալակիր մայրերին նույնիսկ մեդալ չեն տալիս, դե նույնիսկ հայրերին, որ հերոսաբար կերակուր են հայթայթում ու պահում այդ ընտանիքը: Մորական տատս խորհրդային իշխանության տարիներին բազմազավակության համար պարգևատրվել էր արծաթե՝ «Мать героиня» մեդալով: Թեև հիմա չեմ էլ հիշում, թե դրանից հետո ինչ-որ կերպ պետությունը նրանց աջակցե՞լ է, թե՞ ոչ: Իսկ այսօր Հայաստանի Հանրապետության օրենսգրքում նույնիսկ օրենք չկա բազմազավակ մայրերի մասին: Ավելին, օրենքով չի հստակեցվում և չի սահմանվում բազմազավակ ընտանիք հասկացողությունը, այլ միայն բանավոր կերպով է տրվում եզր, որ է՝ բազմազավակ են համարվում երեք և այնուհետև՝ չորս և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները:
Ծիծաղելի է, սակայն փաստ, որ դեռևս 2010 թվականից մինչև այսօր, քննարկման փուլում է գտնվում բազմազավակ ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին օրենքի նախագիծը, իսկ եթե հաշվի առնենք, որ առջևում նախագահական ընտրություններն են, ապա հազիվ թե պետբյուջեն կարողանա գումարներ գտնել կամ հատկացնել այս խնդրի լուծման համար:
Մեծարգո պարոնայք, ես ի նկատի ունեմ, որ մինչև դուք մի բան մոգոնեք, այս ընտանիքները սովից կմեռնեն կամ էլ կթքեն թե՛ ձեր և թե՛ էս երկրի վրա ու հազարավոր արտագաղթողների հետ իրենք էլ կպանդխտանան: Էդ ժամանակ կտեսնեք, թե ով է ձեզ համար զավակ ծնելու, ով է ձեզ ուսանող կամ զինվոր տալու: Հե՜յ, ինչի՞ մասին եք դուք մտածում այնտեղ՝ խորհրդարանական «Օլիմպում»:
Առաջարկում եմ քննարկվող նախագծում տեղ գտած օրենքներից զատ ներառել հետևյալ կետերը.
- Բազմազավակ մորը տալ պետաշխատողի կարգավիճակ և հատկացնել գոնե միջին աշխատավարձ:
- 1-ին կետի բավարարման դեպքում ընտանեկան նպաստը, այսինքն՝ այն գումարը, որը հատկացվում է երեխային՝ մինչև նրա 18 տարին լրանալը, ինչպես նաև մայր գումարը՝ պահպանել:
- Բազմազավակ ընտանիքին տրամադրել բժշկական, սոցիալական և այլ ծառայություններից օգտվելու արտոնություն կամ անվճար փաթեթ:
- Բազմազավակ ծնողների կենսաթոշակային տարիքը նվազեցնել, իսկ աշխատանքային մեկ տարին համարել երկու:
- Եվ վերջապես նվիրել միկրոավտոբուս (նրանք այնքան են երազում այն ունենալ):
Դե, ես հասկանում եմ, որ առանց այն էլ կառավարությունում քննարկվում են օրենքի նախագծում առաջարկվող փոփոխությունները, նամանավանդ հավելյալ միլիոններ գտնելու և նախագծին հատկացնելու լուրջ խնդիրները, սակայն ես թքած ունեմ, թե նրանք որտեղից են գտնելու այդ գումարները, քանի որ ներկայիս քրեաօլօգարխիկ իշխանությունը լավ էլ գտնում է վարկեր և լավ էլ յուրացրել է դրանք մսխելու ձևերը:
«Քուր ջան, գիտես չէ, որ երկու ամսվա նպաստդ մեզի պդի թողնիս, քեզի չէր հասնի, բայց մե բանմ կենեմ, մեղքս ձեզի նմաններին գուգա, առ, գնա, մարդու բան չսես, սաղին չեմ կրնա օգնել» (բրբ.):
Դե, ճարն ինչ է, որ չթողնի, մեկ է՝ հասնի, չհասնի սրանք ուտող են, ու եթե օրենքն ուժ է ստանում «գթասիրտ» սոցաշխատակցի քմահաճույքով, ուրեմն, ինչպես ասում է ժողովուրդը, «աղն է կերել մատաղը»: