Newsline.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Yahoo News-ի համաձայն, Քենիա կատարելիք այցի ժամանակ, հակառակ իր տատիկի հրավերին, չի այցելի հայրենի Կոգելո գյուղում իր ընտանիքի անդամներին: Դրա մասին հայտարարել է Նայրոբիում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Գոդեչը. «Ես կարող եմ հաստատել, որ նախագահ Բարաք Օբաման ցավոք չի այցելի Կոգելո»:
Սառա Օբաման համակերպվել է թոռան այդ որոշման հետ. «Նա ոչ թե իմ, այլ` նախագահ Ուխուրու Քենիատայի հյուրն է: Նա չի կարող ժամանել Կոգելո, բայց ամեն դեպքում վերադառնում է տուն: Չէ՞ որ նա ամբողջ Քենիայի զավակն է»: Այս շաբաթ Սառա Օբաման ու գյուղի մյուս բնակիչներն ԱՄՆ նախագահին խնդրել էին այցելել իրենց: Ընդ որում` Բարաք Օբամայի տատիկը խոստացել էր առատորեն կերակրել թոռանը:
Օբաման Քենիա է ժամանելու հուլիսի 24-ին` մասնակցելու համար Ձեռնարկատիրության գլոբալ գագաթաժողովին, ուր նա ելույթ է ունենալու: Աֆրիկյան այցի շրջանակներում ԱՄՆ նախագահը ծրագրել է այցելել հարևան Եթովպիա: Դա կլինի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Օբամայի չորրորդ այցն աֆրիկյան մայրցամաք: Վերջին անգամ նա իր հայրենի գյուղ էր այցելել 2006-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քենիայում մտադիր են ԱՄՆ նախագահին դիմավորել մերկ տղամարդիկ ու կանայք` նման կերպ իրենց բողոքն արտահայտելով նրանց խոսքերով` «միասեռականությանն աջակցող»Օբամային: