Այսօր Սիսիանի քաղաքապետարանի քրքրված դրոշը փոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Գուրգեն Բեգլարյանի հորդորի արդյունքում: Քաղաքապետը կա՛մ այս 5 տարիների ընթացքում քաղաքապետարանում չի եղել, կա՛մ հարմարացրել է, որ մեքենայից միանգամից իր աշխատասենյակ մտնի: Բնունիս համայնքի էլեկտրաէներգիայի հարցը լուծվել է Գուրգեն Բեգլարյանի միջամտության արդյունքում: Գյուղապետը կա՛մ գյուղում չի ապրում, կա՛մ տեսողությունից է զրկվել: Չգիտեմ՝ ցնծամ, թե լամ: Ուրախ եմ, որ ոստիկանությունը արդեն քաղաքացու կողքին է, ոստիկանապետի բարեփոխումները կամաց-կամաց իրենց արդյունքը տալիս են, բայց ինչո՞վ են զբաղված այն մարդիկ, ովքեր պարտավոր են լուծել այն խնդիրները, որոնք ի պաշտոնե պարտավոր են լուծելու: Գրառումս բնավ ոստիկանության գովազդ չէ, ոչ էլ տեղական կառավարման մարմինների հակագովազդ: Սիսիանում զրույց եմ ունեցել ոստիկանության բաժնի ՊՊԾ դասակի հրամանատար Հովսեփ Գաբրիելյանի, քրեական բաժանմունքի օպեր լիազոր Հովհաննես Օհանյանի հետ: Զրույցի ընթացքում անընդհատ կողքերս էի նայում` տեսնելու համար Հայաստանում եմ արդյոք, թե երկրից դուրս եմ եկել: Ոստիկանականի նման ծառայություններ անգամ այստեղ` Երևանում, չէի հանդիպել, ոստիկանի նման մակարդակի մասին միայն կրիմինալ ֆիլմերի գլխավոր հերոսի մոտ էի տեսել: Իմ միջի այն նստվածքը, որ ոստիկան ասելուց հասկացել եմ հանցագործ, ինչ որ չափ պակասել է, բայց չի վերացել: Փառք տանք Աստծուն, որ կան մարդիկ, ովքեր իրոք արժանի են մեր պաշտպանը լինելու կոչմանը, բայց ափսոս, ափսոս, որ քիչ են, ափսոս նրանք չեն երևում այն ոհմակի մեջ, որը շրջապատում է մեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել