Երկու հրեշտակ միասին զրուցում են, թե որտեղ պահեն մարդկանց բացարձակ ազատ և երջանիկ լինելու գաղտնիքը, որպեսզի նրանք չնմանվեն աստվածներին: Մեկն առաջարկում է պահել օվկիանոսի խորքում, մյուսն ասում է, որ մարդիկ խելացի են, մի բան կստեղծեն ու կհասնեն օվկիանոսի խորքը և այնտեղից կհանեն այն: Որոշում են տիեզերքում պահել, հետո նորից մտածում են, որ կգա ժամանակ, որ մարդը մի բան կհնարի, որ հասնի տիեզերք: Նրանք մտախոհ նստում են, այդ պահին մի փոքրիկ հրեշտակ ասում է` պահեք այն մարդու սրտի խորքում` նա երբեք այնտեղ չի նայում ...

***
Երիտասարդն իմաստունի այն հարցին, թե ինչպե՞ս է անցկացրել իր օրը, պատասխանեց.
–Ես օրվա մեծ մասը ծախսեցի այն մտքերի վրա, որոնց մասին չպետք է մտածեի` ցանկանալով բաներ, որոնք չպիտի ցանկանայի և պլաններ կազմելով, որոնք ճիշտ չեն:
Իմաստունը նրան այգում քայլելու հրավիրեց, ու երբ հանդիպեցին մի ծառի, հարցրեց երիտասարդին.
–Դու գիտե՞ս՝ սա ինչ ծառ է:
–Այո, դրա անունը Բելադոննա է, այն թունավոր է և կարող է սպանել նրան, ով կուտի նրա տերևներից:
–Բայց նա չի կարող սպանել նրան, ով պարզապես հետևում է իրեն, ճի՞շտ է: Այդպես էլ բացասական կամ մեղսահարույց մտքերը չեն կարող քեզ չարիք պատճառել, եթե թույլ չտաս, որ դրանք գայթակղեն քեզ:

***
Մի մարդ յոթ զավակ է ունենում, յոթն էլ՝ կռվարար, անբարիշտ, իրար հետ յոլա չեն գնում: Մի օր հայրը կանչում է բոլորին ու ասում.
- Տեսնո՞ւմ եք այս ավելը: Ձեզնից ո՞վ կարող է այն ձեռքով կոտրել:
Ու տալիս է նրանց մի հաստ ավել: Տղաներից ամեն մեկը փորձում է, չարչարվում է, բայց ոչինչ չի ստացվում. ցախավելը շատ ամուր է լինում:
Այդ ժամանակ հայրը բացում է ավելի կապը, ու միջի ցախերը տալիս տղաներին՝ ասելով.
- Իսկ այսպես առանձին կարո՞ղ եք կոտրել:
Զավակները հեշտությամբ կոտրտում են ավելի ցախերը:
Ու հայրն ասում է նրանց.
- Նայեք, որդիներս, դուք էլ այս ավելի նման եք. քանի դեռ միասին եք ու ամուր եք, ոչ ոք ձեզ չի կարող կոտրել, իսկ երբ առանձին եք, ամեն մեկդ մի ցախ եք՝ հեշտ ջարդվող:

Կարծում եմ՝ այս առակը շատ կսազեր քաղաքականության բաժնին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել