Ու կրկին մեր հանրությունը դրսևորում է բացարձակ անտարբերություն կարևորի նկատմամբ ու սևեռվածություն՝ անկարևորի։ Ասպարեզ նետվեց գալիք սահմանադրական բարեփոխումների նախնական տարբերակը, ու փոխանակ բովանդակային քննարկումներ ծավալվեն, լավագույն դեպքում տեսնում ենք «Սերժն ուզում է հավերժացնել իր իշխանությունը» տիպի դատողությունների տարատեսակ վարիացիաներ։ Կրկնում եմ, դա՝ լավագույն դեպքում, իսկ ստանդարտն այն է, որ հանրությունը հիմա ավելի մեծ հետաքրքրվածություն է դրսևորում ոմն «Երկաթիկի», թե «Չուգունի» սպանության նկատմամբ, քան Սահմանադրական բարեփոխումների հիմնահարցի։
Ի սկզբանե հիմարություն եմ համարվում ֆիքսվել «Սերժն ուզում է հավերժացնել իր իշխանությունը» թեզիսի վրա, որովհետև նախ Սերժն ամեն դեպքում հավերժ չէ, իսկ այլ գալիք փոփոխությունները նախատեսված են տասնամյակների համար, որքանով որ ես եմ հասկանում, ու ինձ համար առ այսօր հասկանալի չէ, թե արդյո՞ք դրանք լավ են, թե՞ վատ։ Բացի դրանից, երբեք չհանդիսանալով Սերժ Սարգսյանի ընտրազանգված ներկայացուցիչ ու երբեք քվեարկած չլինելով նրա օգտին՝ ես միշտ ասում եմ. եթե ոչ Սերժը, ապա ո՞վ՝ ստեղծված իրականության ու քաղաքական դաշտի առաջարկների պարագայում... Հիմարություն է, չունենալով ոչ մի ռեալ ու արժանի այլընտրանք, ղալմաղալ անել ու հետո հայտնվել կոտրած տաշտակի մոտ, որովհետև հույսներս դրել ենք, որ հասարակության մարմինը նոր ու ազնիվ լիդերներ կծնի։
Ու հիմա կարևորի մասին. ի՞նչ փոփոխությունների հետ գործ ունենք իրականում, ու ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ մեր համար առաջիկայում։ Այ այս հարցերին է պետք պատասխանել, ոչ թե ավանդական դարձած ու նավթալինի հոտով վայնասուն՝ հանցավոր ու խուճապահար ռեժիմի մասին ու առավել ևս երկաթիկների սպանության։