Ինչո՞ւ ես ցնցվեցի, խրտնեցի ու մի լավ կատաղեցի, երբ մեր «մտքի հսկաները» մեջտեղ նետեցին ընտրիչների գաղափարը։
Երկար պատմություն է, բայց հատուկ գիշերվա չորսին եմ արթնացել, որ սա գրեմ։
Ջեկ Լոնդոնը մի հրաշալի պատմվածք ունի՝ «Կեղծ արևների երկրում» վերնագրով։ Վերնագիրն է դուրս շատ եկել։ Վերցնենք այդ վերնագիրը և տարածենք Հայաստանի վրա։
Այն կունենա մոտավորապես այս տեսքը՝ «Կեղծ արժեքների երկրում»։
Մեր երկիրը ոտքից գլուխ ներծծված ու հագեցած է կեղծ արժեքներով։ Այդ կեղծությունն ամենուր է։ Կառավարման ապարատում, դպրոցում, հիմնարկներում, նույնիսկ ընտանիքներում ու մարդկանց գլուխներում։ Հիմա սահմանադրական բարեփոխումներ գործողության միջոցով փորձ է ձեռնարկվում օրինականացնել կեղծ արժեքների գոյությունը, ամրագրել դրանք սահմանադրորեն և դրանք դնել կայուն ու հավերժության միտում ունեցող հիմքերի վրա։
Այդ չարաբաստիկ նախագծի մեջ հենց ընտրիչ բառը կարդացի առաջին գրառումս եղավ Շմայսի մասով, մի քիչ հետո գրեցի նաև Քոքոբելյանի մասին մի երկու բառ։ Այս ակնարկներս այս հիշյալ հարգելի անձանց կապակցությամբ պատահական չէին։ Մենք իբրև թե պատճենել էինք եվրոպական առաջադեմ դեմոկրատական կառավարման կիսանախագահական համակարգը։ Շմայսաբազությունն իր ներկա վիճակով այդ եվրոպական համակարգի հայացված տարբերակն է, երբ նրանից այլևս ոչ մի Եվրոպայի հոտ չի գալիս ու լիովին բուրում է միայն շմայսային գարշահոտությամբ։ Սա կառավարման ասպարեզում մենք կեղծեցինք եվրապականը՝ կիրառելով մեր կեղծ արժեհամակարգը։
Եվրոպայում քաղաքական համակարգում գործում են տարբեր կուսակցություններ։ Այսինքն՝ բազմակուսակցական քաղաքական համակարգ ունի Եվրոպան։ Մենք դա էլ ուզեցինք ընդօրինակել։ Ընդօրինակեցինք՝ կիրառելով մեր կեղծ արժեքների համակարգը և արդյունքում ծնեցինք քոքոբելյանությունը՝ որպես մեր կեղծ արժեհամակարգին համապատասխան բազմակուսակցականություն։
Հիմա սահմանադրության այս նախագծով փորձ է արվում երկրի կառավարման բարձրագույն պաշտոններում մարդկանց ոչ թե ուղղակի ընտրություններով ընտրել, այլ միջնորդավորված կերպով՝ ընտրիչները պիտի ընտրեն՝ ում կուզենան։ Այսինքն՝ ընտրիչների ինստիտուտի ներդրում է նախատեսվում։ Դե քանի որ երկիրը կեղծ արժեհամակարգով է հագեցած, պատկերացրեք, թե ինչպիսի այլանդակության կվերածվի ընտրիչների այդ նախատեսվող բանդան։ Վերևում երկու նման օրինակ բերեցի։ Նրանք այս ընտրիչների ինստիտուտի համեմատ երեխայական անմեղություններ կդառնան։
Փորձում ենք մի նոր հրեշ ծնել։ Բարեհաջեղ կծնե՞նք այդ հրեշին, ինչպես վարվել ենք առ այսօր, թե՞ խելքներս գլուխներս կհավաքենք ու այս անգամ հղիության ընդհատումը կգերադասենք։ Ցույց կտա ժամանակը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել