ՀՀ-ից մեկնող օդանավերի թռիչքաժամերը բազմիցս քննարկման առիթ են եղել: Մեկնումը հիմնականում լինում է երեկոյան կամ ուշ գիշերով, ինչն էլ իր հերթին անհարմարություն է պատճառում մեկնողներին: Դրա հիմնական պատճառը Զվարթնոց օդանավակայանի կողմից տրամադրվող տարածքների պայմաններն են, քանի որ գիշերային ժամերին ինքնաթիռների թռիչքը կազմակերպելն ավելի մատչելի է և էժան է նստում ընկերությունների վրա:
Այս հարցին երեկ տեղի ունեցած Կառավարության նիստում անդրադարձել է նաև Վարչապետը: Նա մի շարք պատասխանատու գերատեսչություններին հանձնարարել է առաջարկություններով հանդես գալ, որպեսզի թռիչքներն այսուհետև իրականացվեն առավոտյան կամ ցերեկվա ժամերին: Հարցի լուծման համար հարկավոր է, որ Զվարթնոցի սեփականատերի և պետական գերատեսչությունների միջև փոխհամաձայնություն ձեռք բերվի, որպեսզի գնային զեղչեր տրամադրվեն ավիաընկերություններին:
Մեկ այլ տարբերակում ցերեկային ժամերին թռիչքների արդյունքում պետք է բարձրացվեն տոմսերի արժեքը, որն առանց այդ էլ ստեղծված իրավիճակի դեպքում միանշանակ լավագույն լուծումը չի: Առանց այդ էլ մենք հիմա ունենք չվերթների սահմանափակ ուղղություններ և «Զվարթնոց» օդանավակայանի կողմից մատուցվող թանկ ծառայություններ, որը բերում է ավիատոմսերի ինքնարժեքի բարձրացմանը, և այս դաշտում գնային և այլ մրցակցային առումներով զիջում ենք Թուրքիային և Վրաստանին:
Այսպիսի պայմաններում համալիր լուծումների կարիք կա, և պատահական չէ, որ գործադիրի ղեկավարի կողմից հանձնարարություն է տրվել Էկոնոմիկայի նախարարությանը և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը, ուսումնասիրել Հայաստանի ավիափոխադրողների շուկան, գնային քաղաքականությանը, ուղղությունների և թռիչքների պայմանները:
Վերը նշվածից կարելի է փաստել, որ «Բաց երկնքի» քաղաքականությունը և ընդհանրապես ավիափոխադրումների շուկայում ստեղծված իրավիճակը չի բավարարում Կառավարությանը, և գործադիրը կամ արդեն իսկ ունի որոշակի ծրագրեր, կամ էլ նոր է փորձում գտնել բարելավման համար անհրաժեշտ օպտիմալ լուծման եղանակներ: Ըստ էության, դրան է լծվել նաև Հանրային խորհուրդը, որն այսօր հանդիպում է ունենալու վարչապետի հետ, որի ժամանակ սպասվում է իրենց կողմից մշակած ծրագրերի ներկայացում ու առաջարկում։