Հայաստանում, ինչպես և ցանկացած երկրում, ուր չկա և առարկայորեն չի կարող լինել կայացած բազկակուսակցական համակարգ, ուր հասարակության լայն շերտերը զուրկ են նույնիսկ համեմատական տնտեսական ազատությունից, խորհդարանանական հանրապետության հռչակումը թղթի վրա անհրաժեշտորե՛ն հավասարազոր է քաղաքական բացարձակ մենատիրության, «միապետության», լավագույն դեպքում՝ միակուսակցականության փաստացի հռչակմանը: Այլ տարբերակ պարզապես գոյություն չունի, որովհետև խորհդարանական կառավարումը ենթադրում է հասարակության զարգացման միանգամայն այլ աստիճան, քան Հայաստանում է՝ անհրաժեշտ է, որ հասարակության մեջ լինեն մի քանի համեմատաբար ինքնավար խմբեր, որոնք կարողանան ձևակերպել իրենց շահերը, կազմակերպվել որպես կայուն և անկախ քաղաքական միավորներ և մրցել միմյանց հետ: Եթե դա չկա, եթե ռեսուրսը կենտրոնացած է միայն շատ նեղ խմբի մեջ, ապա հասարակությունը ստիպված իր հույսը կապում է ոչ այնքան կազմակերպությունների, որքան հզոր անհատների հետ: Այս իմաստով նախագահական համակարգը, որի կենտրոնում նախագահական ընտրություններն են, որոշակի անկայունություն ու անկանխատեսելիություն է մտցնում՝ խանգարելով բացարձակ մենաշնորհի կայացմանը, որովհետև, երբ մեծ դեր է սկսում կատարել անհատական գործոնը, ապա շատ օրինաչափություններ և անհրաժեշտություններ դադարում են գործել՝ ազատ հնարավորությունների դաշտն ավելանում է: Նույնիսկ, եթե համակարգը հաջողության է հասնում անհատի նկատմամբ, նա ստիպված է լինում որոշ զիջումների գնալ փոխվել: Չխոսելով խորհդարանական համակարգի այլ թեական կողմերի շուրջ՝ հենց մենակ այսքանը բավական է հասկանալու համար, որ տեղի ունեցողը համակարգային հեղաշրջման փորձ է, այլ ոչ թե սոսկ վերարտադրման ծրագիր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել