1955թ. հուլիսի 17-ին Լոս Անջելեսի հարավում ընկած Անահայմում ամերիկյան հայտնի մուլտիպլիկատոր Ուոլթ Դիսնեյն անցկացրեց երեխաների և նրանց ծնողների համար զվարճանքների այգու՝ «Դիսնեյլենդի» բացման շքեղ արարողությունը:
Ուոլթ Դիսնեյը «Դիսնեյլենդի» ստեղծման գաղափարը մտահղացել է այգում իր դուստրերի հետ զբոսնելիս: Մինչ երեխաները ճոճանակ էին նստել, հայրը համբերատար նստել և սպասել էր նրանց: Այդ զբոսանքների ժամանակ էլ նրա գլխում մի այսպիսի միտք ծագեց՝ Ամերիկայում չկա այնպիսի վայր, որտեղ կարողանան հետաքրքիր ժամանակ անցկացնել և՛ մեծերը, և՛ փոքրերը: Եվ Դիսնեյը որոշեց ինքը ստեղծել այդ վայրը:
Առաջին «Դիսնեյլենդի» կառուցման վրա ծախսվել է 17 մլն դոլար: Սակայն շուտով բոլոր ներդրումները փոխհատուցվեցին տասնապատիկ ավելի: Միայն առաջին 25 տարում այգի այցելեց ավելի քան 200 մլն մարդ:
Այնուամենայնիվ, Դիսնեյին դա չբավարարեց. 1963թ. նա սկսեց իրականացնել բավականին հավակնոտ գաղափար՝ «նախագիծ X»-ը: Նա Ֆլորիդայում գնեց համապատասխան վայր և սկսեց նոր այգու կառուցումը:
1971թ. հոկտեմբերին բացվեց The Walt Disney World-ը, 1983թ. իր «Դիսնեյլենդը» բացեց Տոկիոն, 1992թ.՝ Փարիզը: Այնտեղ կարելի է դիսնեյյան մուլտֆիլմերի հերոսներ Միկի Մաուսի և Դոնալդ Դաքի ձեռքը սեղմել, ձիակառք և շոգեքարշ նստել և ընդհանրապես դրական զգացողություններ ստանալ։