Երեկ վերջապես հրապարակվեցին «բարեփոխված» Սահմանադրության նախնական 7 գլուխները, որոնք հենց առաջին րոպեներից ակտիվ քննարկումների և արդարացի քննադատության արժանացան: Ուսումնասիրելով ներկայացրած նախագիծը` ինձ մոտ հարց ծագեց. ո՞րն է նպատակը` բարեփոխե՞լը, թե՞ չարեփոխելը: Մանրամասնորեն ուսումնասիրելով ներկայացված նախագիծը` կարելի է եզրակացնել, որ այդ ամենի արդյունքում Հայաստանը և քաղաքացին ոչինչ չեն շահի, հակառակը` կկորցնեն վերջին հույսը` արդար ընտրությունների միջոցով բացառելու միակենտրոն իշխանության ձևավորումը:
Ներկայացված նախագծի 4-րդ, 5-րդ և 6-րդ գլուխներում տեղ գտած որոշ դրույթներ առնվազն վիճահարույց են, իսկ որոշները` անհեթեթություն: Փորձենք համառոտ կերպով ներկայացնել դրանք.
Գլուխ 4. Ազգային ժողով
Հոդված 89. Կետ 1` ԱԺ-ն կազմված է առնվազն 101 պատգամավորից:
Ի՞նչ կարող է սա նշանակել, եթե իմ տրամաբանությունն ինձ չի դավաճանում, ապա ԱԺ-ն կարող է բաղկացած լինել 101 կամ ավելի, օրինակ` 151 պատգամավորներից: Այս հանգամանքն ինքնին աբսուրդի մակարդակից է:
Կետ 2` Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների համար:
Կարելի է ասել, որ իրոք դրական մոտեցում է, սակայն նույն կետում որևէ անդրադարձ չի կատարվում ընտրատարածքային պատգամավորների կուսակցությունների ընտրացուցակներում (օրինակ` կանանց համար նախատեսված տեղերի ձևաչափի նմանությամբ) ընդգրկելու վերաբերյալ, ինչն իմ կարծիքով կարող է որոշակի բարդություններ առաջացնել:
Կետ 3` ԱԺ-ն ընտրվում է համամասնական ընտրակարգով: ԱԺ-ի ընտրակարգը պետք է երաշխավորի ԱԺ-ում կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը:
Հարց է ծագում, իսկ ինչո՞ւ է անհրաժեշտ կայուն մեծամասնության ձևավորումը: Միգուցե բարդություններից խուսափելու և իշխանությունների համար ցանկալի օրենսդրական նախաձեռնությունների անխափան օրենքի ուժ ստանալու և դրանց կենսագործման համա՞ր: Մինչդեռ մենք ամեն օր, ամեն րոպե ճաշակում ենք ԱԺ-ում մեկ քաղաքական ուժի մեծամասնության դառը պտուղները: Այսինքն՝ բարեփոխելու համար, հակառակը` պետք է բացառվեր մեկ ուժի խորհրդարանական մեծամասնության ձևավորումը, որպեսզի հակակշիռների և զսպիչների մեխանիզմները կարողանային տալ իրենց դրական արդյունքները:
Վերոնշյալ 3-րդ կետի շարունակությունն ու լրացումն է հանդիսանում հաջորդ` 4-րդ կետը. Եթե ԱԺ-ի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները:
Սա կարելի է պարզապես որակել` աբսուրդի շարունակությունը:
Պարզապես ծիծաղելի կամ զավեշտալի կարելի է համարել գործող Սահմանադրությունից նոր նախագծին փոխանցված և հոդված 95-ի 2-րդ կետում տեղ գտած «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ» դրույթը, որը վերաբերում է նաև նախարարներին: Ի՞նչ իմաստ ունի ներառել նման դրույթ, եթե բոլորին հայտնի են գործարար պատգամավորներն ու նախարարները, և որևէ արձանագրված դեպք չունենք, որ Սահմանադրական այդ դրույթի խախտման համար որևէ մեկը զրկվել է զբաղեցրած պաշտոնից:
Գլուխ 5. Հանրապետության նախագահը.
Հոդված 123. Կետ 1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է և մարմնավորում է ազգային միասնությունը:
Գրվածը գրված է, որ նախագահը պետության գլուխն է, այդ դեպքում ի՞նչ կարևորագույն լիազորություններ ունի նախագահը, որպեսզի համարվի պետության գլուխ. փաստացի` ոչ մի:
Զավեշտալի է նաև հանրապետության նախագահի ընտրության կարգը. Հոդված 125. Կետ 1. Հանրապետության նախագահն ընտրվում է ընտրիչների ժողովի կողմից: Կետ 2. Ընտրիչների ժողովը կազմված է Ազգային ժողովի պատգամավորներից և Ազգային ժողովի պատգամավորների թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից:
Ահա և աբսուրդի գագաթնակետը` Ընտրիչների ժողովը:
Նվազագույնի են հասցված նաև նախագահի արտաքին քաղաքականության (հոդված 132) և զինված ուժերի (հոդված 133) բնագավառներում ունեցած լիազորությունները՝ անգամ բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումն իրականացնելով վարչապետի առաջարկությամբ:
Գլուխ 6. Կառավարություն.
«Բարեփոխված» Սահմանադրությամբ Կառավարությունը, մասնավորապես նրա ղեկավարը` վարչապետը, դառնում է երկրի փաստացի ղեկավարը: Վարչապետին տրված են հսկայական լիազորություններ.
Հոդված 154. Կետ 1. Զինված ուժերը գտնվում են կառավարության ենթակայության ներքո, որն իրականացնում է զինված ուժերի ընդհանուր ղեկավարումը: Վարչապետի գլխավորությամբ գործող Անվտանգության խորհրդի կողմից սահմանվող պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների շրջանակում պաշտպանության նախարարն իրականացնում է զինված ուժերի անմիջական ղեկավարումը:
Կետ 2. Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է:
Ահա և փաստացի օրինակները:
Հ.Գ. Սահմանադրական բարեփոխումների իրականացումն այս նախագծով կարող է հանգեցնել անդառնալի կորուստների, որոնց հետևանքներն անխուսափելիորեն կազդեն ցանկացած ՀՀ քաղաքացու վրա: Կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր համակարծիք են ինձ հետ, ըմբոստացեք, դատապարտեք այս նախագիծը և պայքարեք, որպեսզի թույլ չտանք երկրի կործանումը:
ՀՀ քաղաքացի Վահե Մոսինյան