Մասնավոր կազմակերպության ունեցած խնդիրների արդյունքում բազմաթիվ նաիրիտցիներ տևական ժամանակ է՝ պայքարում էին չստացած աշխատավարձերի համար: Որոշ ժամանակ առաջ արդեն հայտարարվել էր, որ Կառավարությունը կփոխհատուցի քաղաքացիների աշխատավարձերը:
Այս պահի դրությամբ գործադիրը պատրաստվում է 200-ից 300 հոգու աշխատավարձ փոխատուցել, իսկ ամբողջ գործընթացն իրականացնել 10-ից 15 օրվա ընթացքում: Հասկանալի է, որ պետք է փաստաթղթեր ստուգես և մանրակրկիտ հաշվարկ կատարես յուրաքանչյուր քաղաքացու համար:
Նաիրիցիների մեջ, փաստորեն, կան մարդիկ, ովքեր դեմ են առաջին փուլով 200-ից 300 հոգու աշխատավարձերի փոխհատուցմանը և կարծում են, թե այդպիսով իրենց պառակտում են: Կառավարությունը համաձայն է հաշվարկներն ամբողջությամբ ավարտվելուն պես փոխհատուցել բոլորի աշխատավարձերը, սակայն այս դեպքում հարյուրավոր մարդիկ պետք է սպասեն, մինչև ավարտվի ողջ գործընթացը:
Խնդիրը նրանում է, որ որոշ նաիրիտցիներ ունեն հաշվարկման սեփական մեթոդիկան և չեն բավարարվում զուտ աշխատավարձի փոխհատուցումով, նրանք ցանկանում են նաև հավելավճար ստանալ մասնավոր կազմակերպության անբարեխիղճ վարքի արդյունքում առաջացած անհարմարությունների համար:
Ամեն դեպքում, որոշումը կայացնելու հնարավորությունը տրված է նաիրիտցիներին: Որոշ մասի համար վերահաշվարկներ իրականացնելու ընթացքում հարյուրավոր այլ քաղաքացիներ կստանա՞ն իրենց աշխատավարձերը, թե՞ նորից կսպասեն, կորոշեն իրենք` նաիրիտցիները: