Այնուամենայնիվ, որոշեցի ասել: Չնայած խորապես գիտակցում եմ, որ կարճատեսաբար սեպ եմ խրում երկու պայքարող ուժերի միջեւ: Բա'յց սարթ բնավորություն ունեմ, բնածին արատ է: Գրեթե բոլոր կայքերը ողողված են բնապահպանների մաշտոցապուրակյան երգուպար-ակցիաների մասին հիացական հաճոյախոսություններով` էլ աննախադեպ, էլ հերոսական, էլ... չգիտեմ ինչ... Ես չեմ հիշում, գուցե որեւէ մեկը հիշեցնի` այն ժամանակ, երբ մենք Հյուսիսային պողոտայում մեկ տարի շարունակ, օրուգիշեր պայքարում էինք մի ողջ գազանացած համակարգի դեմ, մեզ հայհոյում էին, ծեծում էին, ձերբակալում էին, աշխատավայրերում հետապնդում էին, աշխատանքից ազատում էին, ինստիտուտներից հեռացնում էին, այս նույն կայքերը գրու՞մ էին, որ մենք հերոսներ ենք կամ մեր պայքարն աննախադեպ է: Ո'չ, ուշադիր հետեւում էին, որ մեզանից մեկը տաքացած հայհոյի կամ չդիմանա ոստիկանների, բերետավորների ճիվաղություններին ու հակահարված տա, որպեսզի լուրջ-լուրջ դեմքերով քննարկեն` էդ հայհոյանքը կամ ընդվզումը օրենքի սահմաններում էր, թե ոչ... Տխուր չի, չէ, անասելի տհաճ է: Այսքանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել