2014-ի վերջին, երբ սկսեցինք «Ո՛չ Թուրքիայում հանգստին» ծրագիրը, որոշ պարապ մարդիկ, ինչպես միշտ, սովորության համաձայն կամ իներցիայով սկսեցին քննադատել կազմակերպիչներին։ Հնչեցին բազմաթիվ սուբյեկտիվ, չհիմնավորված կարծիքներ՝ ինչ իմաստ ունի ծրագիրը սկսել ձմռանը, Թուրքիան առաջարկում է էժան և բարձրակարգ սպասարկում, փոխարենը ի՞նչ եք առաջարկում մեր հայրենակիցներին և այլն, և այլն։
Այսօր՝ ամռան կեսին, բոլոր դիտարկումները ցույց են տալիս, որ էապես նվազել է Հայաստանից Թուրքիա հանգստի մեկնողների թիվը։ Այդ մասին վկայում են նաև տուրիստական կազմակերպությունները։ Իրականությունը ցույց տվեց, որ մեր հանրության մոտ սկզբունքայնությունն ավելի կարևոր է, քանի մատչելի հանգիստը, առավել ևս, որ այդ մատչելի կոչվածի տակ շատ ու շատ թակարդներ կան։ Հանրային կարծիք ձևավորվեց, որ պետք չէ հարստացնել մի երկրի բյուջեն, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը։
Ես պետք է շնորհակալություն հայտնեմ այն կամավոր երիտասարդներին, ովքեր ամիսներ շարունակ հանրապետությունով մեկ իրականացրին «Ո՛չ Թուրքիայում հանգստին» ծրագիրը, հատ-հատ այցելեցին տուրիստական գործակալություններ՝ նրանց ևս կոչ անելով ձեռնպահ մնալ Թուրքիա ուղեգրեր վաճառելուց։ Ինչպես նաև այն զբոսաշրջային կազմակերպություններին, որոնք, անտեսելով անձնական շահը, կողմ էին գաղափարին։ Կարեկցանքս եմ հայտնում այն հատուկենտ տուրիստական կազմակերպություններին, որոնք երիտասարդների առջև իրենց դռներն էին փակում։ Սեղմում եմ այն մարդկանց ձեռքը՝ երգիչ-երգչուհիներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, հայտնի անձինք, ովքեր միացան հասարակական այս շարժմանը։
Մենք միասին մեծ գործ արեցինք, որի ազդեցությունը, վստահ եմ, միայն 2015 թվականով չի սահմանափակվելու։ Իսկ գործ անողներին քննադատների պահով պարզապես պետք է ասեմ՝ take it easy.
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/avagyankaren/posts/874980659242251
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել