Արդյոք այդչափ սարսափելի՞ է, երբ լրագրողը նաեւ ցուցարար էMedia.am-ը գրում է.

« Եղել է նաեւ դեպք, որ լրագրողները օրեր շարունակ էին հանդես եկել որպես ցուցարարներ »

Վերջին օրերին՝ կապված Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ին կատարվածի հետ, դարձյալ քննարկումների թեմա դարձավ միանշանակ պատասխան չունեցող այն հարցը, թե արդյոք էթիկայի տեսակետից ճի՞շտ է, որ լրագրողը դառնում է ցուցարար:

Հենց այդ օրն իսկ, երբ բռնի ուժով բերման էին ենթարկել «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարիչ Հայկ Բադալյանին, եւ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Հովհաննես Շողիկյանը պաշտպանել էր գործընկերոջը. «Լրագրող է, լրագրող, թողեք» (դիտեք տեսագրության 7.15 րոպեից) ինչ որ մեկը կողքից նետել էր. «Լրագրողը հետեւից չի գոռում…» ու հավելել մի հայհոյանք:

Մեկ այլ բերման ենթարկվածի՝ «ԳԱԼԱ»-ի լրագրող Փայլակ Ֆահրադյանին վրդովեցրել էր այն, որ Խոսքի ազատության պաշպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ՀՀ-ում ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների ոտնահարման թեմայով քննարկմանը հայտարարել էր, թե որոշ լրագրողներ հայտնել են, թե Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ին «ԳԱԼԱ»-ի լրագրող Փայլակ Ֆահրադյանն իրեն ցուցարարի պես է պահել:

Այժմ չենք անդրադառնա, թե արդյոք Հայկ Բադալյանը գոռացել էր վերագրվող հայհոյանքը, կամ Փայլակ Ֆահրադյանն իրոք իրեն ցուցարարի պես էր պահել կամ ոչ:

Ուղղակի ուզում ենք հիշեցնել, որ Հայաստանում բազմաթիվ դեպքեր են եղել, որ լրագրողները դարձել են նաեւ ցուցարար՝ ընդ որում, եւ անհատ լրագրողներ են ասել, թե տվյալ միջադեպի ընթացքում չեն կարողացել իրենց չպահել որպես քաղաքացի, եւ բողոքի ցույց են արել ուղղակի լրագրողական խմբով: Երկու անգամ բողոքի ցույց արել են անգամ ԱԺ-ում՝ խորհրդարանական թղթակիցները: Սակայն սրանք միանգամյա ակցիաներ էին:

Եղել է նաեւ դեպք, որ լրագրողները օրեր շարունակ էին հանդես եկել որպես ցուցարարներ: 1999-ի ամռանը, երբ քրեական մեղադրանքներ առաջադրվեցին այն ժամանակ «Օրագրի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին՝ լրագրողները սեպտեմբերին օրեր շարունակ ցույցեր էին անում նախագահի նստավայրի առջեւ: Մի օր բերանները կապած համր ցույց էին արել, մյուս օրը այծ էին բերել, քանի որ Փաշինյանին մեղադրանք էին առաջադրել նաեւ հարկադիր կատարողին «կազյոլ» անվանելու համար:

Ի դեպ, այդ ժամանակ թույլ տվել էին ցույց անել հենց նստավայրի առաջ: Ավելի ստույգ՝ լրագրողներին էին թույլ տվել, իսկ այ այծին՝ ոչ, «Սիրուն չէ» պատճառաբանությամբ։ «Ոնց թե,- վիրավորվել էր Վասակ Դարբինյանը։- Հլը տեսեք ի՜նչ սիրուն աչքեր ունի»։ Եվ ոստիկանները սկզբում տեղի էին տվել, բայց ի վերջո այծին էլ էին բերման ենթարկել Արաբկիրի ոստիկանատուն։ «Ախր իր համար խաղա՜ղ ցույց էր անում»,- սրտնեղել էր «Ա1+»-ի թղթակից Վիկտորյա Աբրահամյանը։ «Կներեք, հիմա դուք մեր կազյոլին նստացնելո՞ւ եք, թե՝ ուտելու»,- ոստիկաններից հետաքրքրվել էր Լիզա Ճաղարյանը։ «Մենակ չծեծեք»,- պատվիրել էր Վասակ Դարբինյանը ։ Օրենքի պաշտպաններին ամենաշատն այդ արտահայտությունն էր վիրավորել. «Ուրեմն, մենք կազյոլ ծեծո՞ղ ենք»։

Այս ամենն արդեն հրապարակվել է: Չի հրապարակվել այն, որ առաջին իսկ՝ բերանները կապած ցույցից հետո լրագրողներն անգամ բանակցությունների էին գնացել երկրի ղեկավարի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ավելի ստույգ՝ դեպքը տեղի էր ունեցել այսպես: «Ազատության» թղթակիցն առաջին ցույցի ավարտից հետո զանգել էր նախագահի խոսնակ Վահե Գաբրիելյանին՝ մեկնաբանություն վերցնելու: Նա էլ ասել էր, թե Քոչարյանը պատրաստ է ընդունել ցուցարարներին: Թղթակիցը, թե բայց իրեն չէին դիմել, որ ընդունի: Վահե Գաբրիելյանն էլ զարմացել էր, բայց այդ դեպքում ինչո՞ւ էիք եկել հենց նախագահական նստավայրի դիմաց ցույց անում: Ցույցն էլ այդ օրն արդեն ցրվել էր, հարկադրված էինք նորից ցուցարարներ հավաքել, ընդ որում՝ բանակցելու եկան լրագրողներ, որոնք այդ ցույցին չէին էլ մասնակցել:

«Ազատության» այդ թղթակցին թույլ չտվեցին ցույցը լուսաբանել՝ նա արված ձայնագրությունը փոխանցեց մեկ այլ լրագրողի, որն էլ պատրաստեց նյութը: Եվ հաջորդ ցույցին եկավ արդեն այլ լրագրող, որին նախապես պատվիրել էին. «Բերանդ չկապես, նախագահի հետ բանակցելու չգնաս»:

Մնացած բոլորը, այդ թվում ես՝ երկուսը մեկում էինք եւ լրագրող, եւ ցուցարար: Ինքս էլ այդ բողոքի ցույցի մասին ռեպորտաժ եմ հրապարակել:

Հիմա լրագրողական կազմակերպությունների ղեկավարներն ընդունում են, որ լրագրողն իրավունք ունի հանդես գալ որպես քաղաքացի, բայց այդ դեպքում դադարում է լինել լրագրող: Ես հասկանում եմ, որ նրանք ճիշտ են, ու սա իրոք էթիկայի խախտում է: Բայց նաեւ ասեմ, որ ոչ մի ահասարսուռ բան չեմ տեսնում, եթե իրոք, ասենք, բռնություն տեսնելիս լրագրողի նյարդերը տեղի են տալիս, ինչ որ բան է գոռում կամ փորձում ինչ որ մեկին պաշտպանել: Այս դեպքում իրոք ուղղակի ավելի ճիշտ է հետո նյութը փոխանցել խմբագրության մեկ այլ գործընկերոջ:

Աննա Իսրայելյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել