Ջոն Դոլմայան (ծնվ.` հուլիսի 15, 1973, Բեյրութ, Լիբանան), Լիբանանում ծնված ամերիկահայ թմբկահար, նվագել է հանրահայտ «System of a Down» խմբում, իսկ 2003 թ.-ին մեկ այլ հայազգի երաժշտի` «System of a Down» խմբի նախկին կիթառահար Դարոն Մալաքյանի հետ հիմնել է «Scars on Broadway» խումբը։
Դոլմայանը ծնվել է 1973 թ.-ի հուլիսի 15-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, հայկական ընտանիքում։ Երբ Ջոն Դոլմայանը դարձավ 5 տարեկան, Լիբանանում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի պատճառով Դոլմայանների ընտանիքը տեղափոխվում է Տորոնտո, այնուհետև Լոս Անջելես։
Դոլմայանը սկսել է հետաքրքրվել հարվածային գործիքներով 2 տարեկան հասակից։ Առաջին անգամ լիարժեքորեն հարվածային գործիք է նվագել 15 տարեկան հասակում։ Ինքնուսույց է, անհատական ոչ մեկի մոտ չի պարապել։ Օրական 4-6 ժամ հատկացնելով հարվածային գործիքներին` Ջոն Դոլմայանը աստիճանաբար բարելավել է իր նվագելու որակը։ Ըստ Ջոն Դոլմայանի` նրա նվագելու ոճի մեջ մեծ ազդեցություն են թողել թմբկահարներ Կիտ Մունը (The Who), Ջոն Բոնեմը (Led Zeppelin), Ստյուարտ Կոպլենդը (The Police), Նեյլ Պիրտը (Rush)։
1997թ-ին, երբ System of a Down խմբի առաջին թմբկահար Էնդի Խաչատրյանը ստանում է ձեռքի վնասվածք և լքում է խումբը, խմբին միանում է Ջոն Դոլմայանը։ System of a Down խմբի հետ նա ձայնագրում է 5 ալբոմ` «System of a Down» (1998), «Toxicity» (2001), «Steal This Album!» (2002), «Mezmerize» (2005), «Hypnotize» (2005)։ 2006թ-ին System of a Down խումբը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը, իսկ Դարոն Մալաքյանն իրականացնում է իր հին մտահղացումը և Ջոն Դոլմայանի հետ շարունակում է իր գործունեությունը նոր` Scars on Broadway խմբում։ Նշված խմբի հետ Ջոն Դոլմայանը ձայնագրում է 1 ալբոմ` Scars on Broadway (2008)։
Ջոն Դոլմայանի նվագելու ոճը ճանաչվել է ունիկալ։ Այն մեծ ազդեցություն է թողել թմբկահարների նոր սերնդի վրա։ Շատ քննադատներ նրա նվագելու ոճն անվանում են շիզոֆրենիկ։ Ջոն Դոլմայանի հարվածային սոլոներին կարելի է ավելի մոտիկից ծանոթանալ` լսելով Deer Dance, I-E-A-I-A-I-O և Question երգերը։
Ջոն Դոլմայանը և Ջոուի Ջորջիսոնն այն միակ թմբկահարներն են, որոնք մեյնսթրիմ մետալ ոճի մեջ երբեմն օգտագործում են դեթ մետալին բնորոշ էլեմետներ։ Այդ էլեմենտները բավականին լավ արտահայտված են System of a Down խմբի «B.Y.O.B.» երգի մեջ։
Հարվածային գործիքների մեջ Ջոն Դոլմայանը նախընտրում է Tama մոդելի հարվածային գործիքներ։ 2006 թ.-ի ամռանը Ջոն Դոլմայանը մի քանի հարցազրույցների ընթացքում նշեց, որ ուզում է հիմնել «Torpedocomics» օնլայն կազմակերպություն, որը կզբաղվի կոմիքսների վաճառքով։