Վերջերս վճռաբեկ դատարանն աննախադեպ վճիռ է կայացրել, որի արդյունքում՝ Երևանի քաղաքապետարանը կարող է 120 հազար դոլարի չափով փոխհատուցում վճարել ապօրինի վարչական ակտի համար:
Դատական գործը կապված է Կիևյան 2-րդ նրբանցքի 18 հասցեի առանձնատունը վաճառքի հանելու խնդրի հետ, որը պատկանում է Նելսոն Ներսիսյանի ընտանիքին, ով ինչ-ինչ պատճառներով պարտքեր էր կուտակել: Հենց պարտքի մարման խնդրով դեռևս 2007 թ-ին Տնտեսական դատարանը վճիռ էր կայացրել՝ Ներսիսյանների ընտանիքին հնարավորություն տալով 3 տարվա ընթացքում մարել 120 հազար դոլար պարտքը (տոկոսներով հանդերձ):
Ներսիսյանները տունը վաճառքի են հանում, բայց այն չի վաճառվում, քանի որ նույն տարում «Պրոմեթեյ» բանկը 18-հարկանի բժշկական կլինիկա էր կառուցել հարևանությամբ, և տան արժեքը կտրուկ ընկել էր: Կլինիկայի շենքի կառուցումը կատարվել էր բազմաթիվ խախտումներով: Ըստ փորձագիտական եզրակացության՝ քաղաքաշինական ոչ մի նորմ չէր պահպանվել, չէր գնահատվել սեյսմակայունությունը:
Չկարողանալով տունը վաճառել՝ Ներսիսյանները դիմում են վարչական դատարան: Վարչական դատարանը որոշում է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից «Պրոմեթեյ բժշկական կենտրոնին» 2009 թ-ին տրված շինարարական թույլտվությունը Ներսիսյանների համար հանդիսանում է միջամտող վարչական ակտ, այսինքն՝ բարձարահարկ շենքի կառուցումը խոչնդոտել է առանձնատան վաճառքին: Սակայն «Պրոմեթեյը» և քաղաքապետարանը բողոքարկում են վարչական դատարանի վճիռը:
Հիշեցնենք, որ մինչ դատական գործը շարունակվում էր, նախորդ տարվա նոյեմբերի 19-ի կառավարության նիստում ընդգրկվել էր Ներսիսյանների տունն աճուրդով օտարելու հարցը, սակայն վարչապետը նիստի օրակարգից հանել տվեց այդ հարցը՝ հաշվի առնելով, որ դատական գործընթացը շարունակվում է:
Ի վերջո Ներսիսյանները ոչ միայն չմնացին փողոցում, այլև մի քանի ամիս հետո վճռաբեկ դատարանը մերժեց Երևանի քաղաքապետի և «Պրոմեթեյ բժշկական կենտրոն» ՍՊԸ-ի բողոքները՝ անփոփոխ թողնելով վարչական դատարանի կողմից նախորդ տարվա հուլիսին կայացված վճիռը:
Նելսոն Ներսիսյանը նշել է, որ պատրաստվում է իր ընտանիքի խախտված իրավունքների վերականգնման հարցով դիմումը ներկայացնել Երևանի քաղաքապետին և դատական հայց ներկայացնել ընդդեմ «Պրոմեթեյի»: