Հղիության 9 ամիս: Ամռան ընթացքում հղիության եռամսյակներից որևէ մեկի զուգադիպելու հավանականությունը շատ մեծ է: Տարվա ամենաշոգ եղանակը կարող է օգտակար լինել և մի շարք դրական հույզեր պարգևել ինչպես մորը, այնպես էլ փոքրիկին, եթե մի քանի խորհրդի հետևեք:
Արևը
Ապագա մայրերը պետք է հնարավորինս քիչ ժամանակ անցկացնեն կիզիչ արև տակ հետևյալ պատճառներով.
• տոթի ազդեցությամբ արյան մակարդելիությունն իջնում է, և բարձրանում է արյունահոսությունների հավանականությունը,
• ակտիվանում է հիպոֆիզի աշխատանքը, որն արգանդը կրճատող օքսիտոցին է արտադրում,
• շատանում է վարիկոզը,
• շատանում է պիգմենտավորումը: Իսկ ահա օդային լոգանքներ ընդունելն ամռանը խիստ օգտակար է: Սակայն այդ նպատակի համար պետք է ընտրել առավոտյան կամ երեկոյան ժամերը՝ օգտվելով արևից պաշտպանող կրեմներից մինչև իսկ այն դեպքում, եթե գտնվում եք հղիներին խորհուրդ տրվող ստվերում: Մի´ մոռացեք ջրով շշի մասին, ինչը մշտապես պետք է տեղ գտնի Ձեր պայուսակում:
Ալերգիա
Հղիությունը սրացնում է առկա հիվանդությունները: Քանի որ ամռանն են հատկապես շատ ծաղիկներ ու բույսեր ծաղկում, ապա հնարավոր է՝ Ձեր ալերգիան սրանա կամ մինչև իսկ ի հայտ գա առաջին անգամ, եթե այն նախկինում չի էլ եղել: Օգտակար կլինի, եթե ամառանոց կամ ծովափ մեկնելուց առաջ այցելեք Ձեր բժշկին և պարզեք, թե ալերգիայի նշանների և միջատների խայթոցի դեպքում ո՞ր հակահիստամինային դեղամիջոցն է առավել նպատակահարմար օգտագործել: Բույսերի ծաղկման ժամանակահատվածում զբոսանքից վերադառնալուց հետո հագեք տնային հագուստը և ցնցուղ ընդունեք: Լողանալը շատ օգտակար է ապագա մայրերին: Այն առողջացնում ու կոփում է, մարզում շնչառական ու մկանային համակարգերը, օրգանիզմը նախապատրաստում ծննդաբերությանը: Տաք ավազի և զովացնող ջրի հակադրությունը ամրացնում է նյարդային համակարգը և կանխում ընկճախտը (դեպրեսիան):
Սակայն հարկ է հիշել մի քանի պարզ կանոն.
• լողանալ կարելի է միայն հատուկ նշանակության լողափերում կամ ստուգված ջրամբարներում,
• միայնակ մի գնացեք լողափ,
• ջրում երկար մի՛ մնացեք,
• մի՛ մտեք սառը ջուրը,
• հեռու չլողա՛ք. այլոց համեմատությամբ հղիների ջղաձգվելու հավանականությունն ավելի մեծ է:
• մի՛ սուզվեք, որպեսզի ջուրը չհոսի Ձեր քթըմպանը. ջրում կարող են լինել վարակի հարուցիչներ:
Ուղևորություններ
Հղիությունն առիթ չէ, որպեսզի նստեք տանը և դուրս գաք միայն բժշկին այցելելու համար, առավել ևս, որ հաջորդ տարի կրծքահասակ փոքրիկի հետ հազիվ թե կարողանաք ծովափ մեկնել: Ուստի կարող եք ճանապարհորդությունները մտցնել Ձեր ամառային ծրագրերում՝ պահպանելով մի քանի հանձնարարականներ.
• Ճանապարհորդությունից առաջ այցելեք ձեր բժշկին՝ կանխարգելիչ նպատակով։ Դեղարկղ պատրաստեք՝ Ձեզ հետ տանելու համար:
• Ճանապարհորդության ընթացքում վերահսկեք Ձեր արյան ճնշումը՝ չմոռանալով տոնոմետրը:
• Ուր էլ մեկնեք, մինչև իսկ տնից ոչ ավելի, քան 100 կմ հեռու, Ձեզ հետ ունեցեք անձնագիր, փոխանակային քարտ. արտասահման մեկնելիս անպատճառ բժշկական ապահովագրություն ձևակերպեք:
• Երթուղին ընտրելիս մի՛ հրապուրվեք բացառիկ ուղևորություններով:
• Ճանապարհորդությունների ընթացքում խուսափեք երկար ժամանակ միևնույն դիրքում մնալուց: Ավտոմեքենայով ճամփորդելիս հաճախակի կանգ առեք, գնացքում շարունակ մի մեկնվեք թախտին, անցուդարձ արեք գնացքում:
• Հղիության 7-րդ ամսից հետո ցանկալի է խուսափել օդանավով թռչելուց:
Սննդակարգը
Սննդակարգն այնպիսին է, ինչպիսին տարվա մյուս եղանակներին: Այն ամենը, ինչն օգտակար է ու թարմ՝ հնարավորինս սահմանափակելով կծու, աղի և տապակած մթերքը: Ամռանն առանձնապես պետք է ուշադիր ընտրել միսն ու կաթնամթերքը: Եթե ամռանը զուգադիպում է հղիության երրորդ եռամսյակը, և եթե այտուցվելու հակում ունեք, ապա փոքր-ինչ սահմանափակեք հեղուկների գործածումը և հետևեք միզարտադրությանը (դիուրեզին): Ի նկատի ունեցեք նաև այն հյութը, որն առկա է մրգերում՝ ձմերուկի, սեխի, վարունգի մեջ և այլն: Ի դեպ՝ ձմերուկի մասին. որքան էլ ուզենաք, մի գնեք առաջին ձմերուկները, որոնք հաճախ հագեցած են քիմիայով, այլ սպասեք, մինչև սեզոնը գա: Աղի օգտագործումը նվազեցրեք մինչև օրը 5 գրամ: Հատապտուղների սեզոնում վայելեք մորին, ելակը, թութը, հապալասը, որոնք ամինաթթուների պարունակությամբ առաջատարներ են: Կարող եք աղանդերներ պատրաստել հատապտուղներից ու յոգուրտից կամ կեֆիրից, որոնք համով են, օգտակար և քիչ կալորիական: Սառը ապուրները՝ մածնաբրդոշ, բազուկապուր, հիանալի միջոց են հագենալու և զովանալու համար:
Օրվա ռեժիմը
Ամռան տապը մինչև իսկ ոչ հղիներին է մի շարք անհարմարություններ պատճառում, իսկ ապագա մայրերին՝ առավել ևս. տոքսիկոզ, այտուցներ, գլխապտույտ, հևոց և այլն: Կյանքը տանելի դարձելու համար օգտակար սովորույթ դարձրեք հետճաշյա քունը: Հենց օրվա ամենաշոգ ժամերին հաճույքով քնած կլինեք տանը՝ օդորակչի հարևանությամբ: Եթե ինչ-որ տեղ պետք է գնաք կամ մեկնեք, աշխատեք քայլել հարթ մակերեսներով, գլխածածկ գնեք: Անպայման շշով ջուր վերցրեք: Լավ կլինի, եթե Ձեր հարազատները Ձեզ ուղեկցեն:
Քրտնարտադրությունը
Ամռանը բոլորն են քրտնում, իսկ ահա հղիության շրջանում այն ավելի է սաստկանում: Հաճախակի ընդունեք ցնցուղ և օդային լոգանքներ, մարմինը շփեք խոնավ սրբիչով, երեսը ցողեք գոլ, հանքային ջրով: Կարելի է նաև ցողացիրով ցողվել անանուխի թուրմով, ինչպես նաև անանուխի կամ կիտրոնի մի քանի կաթիլ յուղ ավելացրած ջրով: Կրծքի տակ, ազդրերի ներսային մակերեսին շփաբորբ կամ քրտնախաշ երևալիս օգտեք ցինկի օքսիդի հիմքով քսուկներից կամ մանկական ցանափոշիներից: Գնեք հովհար. այս հնաոճ իրը հարմարավետություն կհաղորդի Ձեզ տոթ օրերին: Հագուստի Ձեր ընտրությունը պետք է լինի հօգուտ բնաթելերով հյուսված գործվածքի՝ շնչող և ազատ: Ամռանը պետք չէ կրել սինթետիկ և ընդգծող նեղ հագուստ: Առավելությունը պետք է տալ բաց գույներին, քանզի մուգ գույները «կլանում են լույսը»: Անպատճառ ձեռք բերեք գլխածածկ. դա կարող է լինել նրբագեղ, ծղոտե գլխարկ՝ ժապավենով զարդարված, գլխաշոր, զվարճալի գլխարկ՝ հովհարով կամ պանամա: Ձեզ ամեն ինչ կսազի:
Մաշկը
Ամռանը մաշկը դառնում է չոր և ձգվածության առավել հակվածությամբ: Մի՛ մոռացեք մաշկը խոնավացնելու և խնդրահարույց մասերի մերսման մասին: Ձեռք բերեք հատուկ հղիների համար նախատեսված մաշկի խնամքի և ձգվածության կանխարգելման խնամքի պարագաներ: Հիշյալ միջոցներն զգուշորեն գործածեք, քանզի դրանք կարող են ալերգիա առաջացնել: Զգուշացեք նաև արևայրուքից՝ պիգմենտավորման բարձր վտանգի պատճառով: