Թվում է, թե մենք ամեն բան գիտենք աչքերի խնամքի մասին, սակայն արի ու տես, որ  մեր անտեղյակության կամ ավելի ճիշտ «անփութության» պատճառով մենք այն երբեմն վնասում ենք՝ մոռանալով, որ տեսողությունը վերականգնելը դժվարին գործընթաց է: Ինչպե՞ս խնամել աչքերը և ինչպիսի՞ սնունդ օգտագործել տեսողությունը պահպանելու համար. այս և և այլ հարցերին կպատասխանի ակնաբույժ,  միկրովիրաբույժ Վարազդատ Սեյրանյանը։

-Պարոն Սեյրանյան,  ինչպե՞ս պետք է ճիշտ խնամել աչքերը:

-Պետք է աչքերի հանդեպ հետևողական լինել, խնամել մեր տեսողական օրգանը: Պետք է ուշադիր լինել, որպեսզի լողանալիս կամ դեմքը լվալիս աչքերի մեջ ջուր չլցվի, մեր աչքերում արտադրվում է արցունք, իսկ այդ օտար ջրերը ցանկալի է, որ չլցվեն աչքերի մեջ: Խորհուրդ կտամ քնի հաշվին աշխատանք չկատարել, քանի որ այդ ընթացքում աչքերը լարվում են, կարմրում, իսկ ահա լարվածության պատճառով մարդը մոռանում է աչքը թարթելու մասին, ինչի հետևանքով էլ աչքը չի թրջվում, ուստի խորհուրդ կտամ աչքերն ավելի հաճախ թարթել:

-Ի՞նչ կասեք արևային ակնոցների մասին:

-Հաշվի առնելով Հայաստանի բնակլիմայական պայմանները՝ կասեմ, որ արևային ակնոցներ կրելը միայն դրական ազդեցություն է  ունենում, քանի որ այն պաշտպանում է աչքերը ոչ միայն արևից, այլ նաև քամուց և փոշուց:

-Մեր օրերում գնալով աճում է նաև կոնտակտային լինզաներ կրողների թիվը, ինչպե՞ս պետք է խնամեն աչքերը կոնտակտային լինզաներ կրողները:

-Քանի որ կլիման մեզ մոտ չոր է, այն այդքան էլ բարենպաստ չէ կոնտակտային լինզաներ կրողների  համար, քանի որ լինզան սիրում է խոնավություն: Պետք է լինզան շատ չկրեն, այլ պարբերաբար պետք է տալ դադարներ՝ յոթից տասը օր:

-Ի՞նչ կասեք մեր օրերում արդեն մեծ տարածում ունեցող խոնավեցնող կաթիլների մասին:

-Եթե աչքը բնական ճանապարհով չի կարողանում թրջվել, ապա այդ դեպքում օգնության են գալիս խոնավեցնող կաթիլները, որոնք թրջում են աչքի մակերեսը, իրականում սրանք շատ լավ միջոցներ են աչքը խոնավեցնելու համար:

-Բորբոքվածության դեպքում հաճախ մարդիկ օգտագործում են թեյի գույնը, ի՞նչ  կասեք այս մասին:

-Այո, հիմնականում օգտագործում են, սակայն այսօր կան բազմաթիվ կաթիլներ, դեղեր, որոնք  արդեն վաճառքում են, և կարիք չկա նման միջոցների դիմել:

-Որո՞նք են այն մրգերը, բանջարեղենը, որոնք տեսողության վրա դրական ազդեցություն  են  ունենում:

-Հետաքրքիրն այն է, որ տեսողության վրա դրական ազդեցություն են ունենում վառ գույն ունեցող մրգերը, օրինակ՝ թուրինջը, նարինջը, լավ ազդեցություն են ունենում նաև ձկնեղենը, ընդեղենը:

Պատրաստեց Մարիամ Հովունին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել