Մորեգույն շապիկով մորուքավորը երկրպագուներից արագ մաքրեց նրա ճանապարհը: Օռնելա Մուտին բարձրացավ հյուրանոցի հինգերորդ հարկի իր սենյակը: Իջավ թարմացրած ժպիտով: Հիացական հայացքների, ֆոտո-տեսախցիկների պաշարման մեջ աստղային սեթևեթանքի մի քանի դասական համար ցույց տվեց, և նորից էն մորեգույնը… դուրս պրծավ, ասես մեր դեռահասության սեռական երևակայության հերոսուհու երկար փեշի տակից: 

Մուտին արդեն ոտքը դուրս էր դրել հյուրանոցի շեմից, երբ կամակորը նրան անսպասելիորեն թևի տակ առավ ու հետ տարավ, պատսպարեց հյուրանոցի ռեստորանում: Տղամարդը շինծու հիստերիայի մեջ էր` «ո՞ւր են դիմավորողները, ո՞վ պետք է Օռնելային ուղեկցի կինոթատրոն»: Աստղային խիստ ռեժիմի անցած` նա տեսարան էր փորձում սարքում: Թարգմանիչը «Ոսկե ծիրանի» կազմակերպիչների հետ կարգավորում էր ուշացած աստղի` պաշտոնական տեղափոխման հարցը: 

Մուտին դեռ ժպտում էր: Սկանդալի հետ ինքը կապ չուներ: Մատուցողին խնդրեց ծաղկամանի մեջ դնել երկրպագուներից ստացած վարդերը: Տղան վերադարձավ, ծաղկամանը ցանկացավ տեղավորել նրա սեղանին: 

-Օ՜ ոչ, անպայման վերև բարձրացրեք` իմ սենյակ,- ասաց սիրած տղայից առաջին անգամ ծաղկեփունջ ստացած պարմանուհու նվաղուն ձայնով:

-Տիկին Մուտի, այս իրարանցումից չե՞ք լարվում, -հարցրի ես:

-Երբեք այսքան խաղաղ չեմ եղել: Գե-գա-դից եմ գալիս:

-Գեղարդից… 

-Այո’, այո’… Աստվա՜ծ իմ, ինչ հրաշալի տաճար է: Այդ հոգևոր երգերը որքան հաճելի կլինեն Տիրոջ ականջին… Մկրտություն էր եկեղեցում: Զարմանալի էր. մկրտվողը փոքրիկ երեխա չէր: Առաջին անգամ էի այդպիսի բան տեսնում: Իտալիայում շատ փոքր տարիքում են մկրտվում:

- Եվ դա միա՞կ անսովոր բանն էր այստեղ:

-Այստեղ ամեն ինչ արտասովոր լավ է ու վառ: Սիրալիր մարդկանց հայրենիք: Այդ բարակ, շատ բարակ հացը տեսա, թե ինչպես են թխում: Անուշ կանայք էին… մի տեսակ հարազատ: 

-Լավաշ է այդ հացի անունը: Համտեսեցի՞ք:

-Ամեն ինչ. ձեր ռեհանն անգամ ուրիշ է, ինչպես հացը: Արտասովոր սուր համ ունի: Շատ ռեհան կերա՝ շատ քիչ պանրով… Պանիրը կազմվածքի համար վտանգավոր է…

-Էդ ի՞նչ ես անում,- դիվահարի պես Օռնելայի գլխին ընկավ մորեգույնը:

-Խոսում եմ, խոստացա հետո ինտերվյու տալ, եթե դեմ չես:

-Դու ժամանակ չունես, սա՜լա ռոսա, սա՜լա ռոսա,- ճչաց անսանձ կամակորն ու սիրունիկ տատիկին ֆոտո-տեսախցիկների ուղեկցությամբ «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճ հասցրեց կես ժամ ուշացած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել