Մենք մեր հերոսներին ստեղծում ենք, մենք էլ «գծերից գցում»։
Մի տեսակ զգում ե՞ք՝ ինչքան շուտ ենք մեզ համար հերոսներ ստեղծում ու նույն արագությամբ էլ մեր հերոսներից հակահերոսներ սարքում ու մինչև վերջին կաթիլը ստորացնում: Մարդ, ով պայքարում է իր շահերի համար, բնականաբար, որը մենակ իրեն չի վերաբերում, կարճ ժամանակահատվածում դառնում է հերոս, առաջնորդ, սուպերմեն, սկսվում են գովեստի խոսքեր, հոդվածներ, սելֆիներ, ստատուսներ: Բայց ընդամենը տվյալ մարդն անում է բան, որը մենք պետք է անեինք, բայց մենք գերադասում ենք սահմանափակվել նրան հերոսացնելով ու գովերգելով: Հետո էնքան բեռ ու պատասխանատվություն ենք դնում տվյալ մարդու վրա, որ նա ուղղակի չի կարողանում կրել դա, քանի որ մեր դրած պատասխանատվությունն արդեն դուրս է եկել իր պայքարի շրջանակներից, ու սկսվում է քարկոծման փուլը: Դիցուք՝ վերջին երկու դեպքերը` տաքսիստի ու Վաղինակ Շուշանյանի ու «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի դեպքերը: Երկու դեպքում էլ պայքարում էին կոնկրետ լոկալ խնդրի լուծման համար՝ ի սկզբանե իրազեկելով ու զգուշացնելով, որ իրենց պայքարը, բացի տվյալ խնդիրների լուծումից, այլ պահանջներ չի հետապնդում: Ու ի՞նչ, պայքարը դարձրինք ավելի գլոբալ, ավելի հեռուն գնացող պահանջներով, վերոնշյալ անձինք չկարողացան իրենց վրա վերցնել նման պատասխանատվություն, ու երբեմնի հերոսները միանգամից դարձան հակահերոս: Ու սկսվեց քարկոծումն էնպիսի ճղճիմ մեթոդներով ու խոսակցություններով, ինչպիսիք են՝ Արմանը ԵԿՄ-ից ա, Վաղոն արծաթապատ կազմով Աստվածաշունչ ա նվեր ստացել Վովա Գասպարյանից, էդ արծաթը խորհրդանշում ա Հուդայի 30 արծաթը ու նման անիմաստ խոսակցություններ:
Սթափվե՛ք, ժողովուրդ, հերոս դառնալն ու հերոսացնելը պետք չի իջեցնել պլենտուսային մակարդակի: Հերոս դառնալու համար մարդ շատ ու մեծ բաներ պիտի անի, ու էդ էլ ա քիչ, պիտի ամբողջ կյանքը օրինակելի ապրի՝ անկախ իր արածից: Կռված տղերքից մեկին, ով իրոք շատ բան էր արել արցախյան պատերազմի ժամանակ, ուզում են ազգային հերոսի կոչում շնորհել, բայց վախենում են, քանի որ նա դեռ կենդանի է, ու հնարավոր է, որ սխալներ թույլ տա, հեռու չէ իրենից: Սա ցավալի իրականություն է, հիասթափեցնող: Շառլ Ազնավուրն անգամ չնչին առիթներով արժանանում է անիմաստ ու անհիմն քննադատությունների: Պետք է հանենք էդ «քլունգ» գործիքը մեր ուղեղներից, մեզ կենդանի հերոսներ են պետք, մարդիկ, ովքեր իրենց ապրվող կյանքով սերունդներ կդաստիարակեն, ոչ թե ապրած:
Հ.Գ. Մարդ, իրա համար սուսուփուս նստած, հաց ու սոխ կուդե, կզանգեն, կսեն՝ դու արդեն հերոս ես, մեկ էլ մի քանի օր հետո, թե բա` չէ, արդեն դու չես, ուրիշ հերոսներ են ծնվել, քո ժամանակն անցավ: