Ասելիքս ո՛չ սիրելի դերասանուհու, ո՛չ էլ առավել ևս նրա՝ լավաշ թխելու փաստի հետ է կապված: Իրականում ուզում եմ խոսել մի շատ կարևոր բանի մասին, որը շատերն են նկատել, բայց միգուցե կարևորություն չեն տվել: Մի քանի տարի է, ինչ հայկական աշխարհ է մուտք գործել անհասկանալի կտորատեսակ, որը տեղացիների ու առավել ևս զբոսաշրջիկների վրա «նաղդվում է» հայկական տարազի անվան տակ: Նայե՛ք առաջին նկարի վրա պատկերված լավաշ թխող կնոջ գոգնոցին: Իսկ հետո նայե՛ք երկրորդ նկարի վրայի հայկական տարազների քարտեզին և կամ մի օր գնացե՛ք պատմության թանգարանի հայկական տարազների բաժին: Երկու օրինակներում ոչ միայն նմանություն չկա, այլ նաև առաջին կնոջ գոգնոցը չունի ոչ մի սիմվոլիկ ու գունային լուծում, որը հնարավոր կլիներ դասել այս կամ այն տարածքի ավանդական տարազներին:
Արդեն մի քանի տարի է, ինչ Երևանի ու մարզերի մի շարք «ազգային» ռեստորաններ ու հյուրանոցներ իրենց ինտերիերը ձևավորում են այս կտորներով: Վերնիսաժում, ինչպես նաև տարատեսակ հուշանվերների խանութներում վաճառվում են նմանատիպ կտորներից պայուսակներ, գոգնոցներ ու սփռոցներ, որոնք կրում են «հայկական տարազի» պատվավոր անվանումը:
Ես չգիտեմ, թե որ մի չինական կամ թուրքական (էս մեկն ավելի հավանական է) նկուղներում են էս կտորները պատրաստում, բայց սա կապ չունի մեր տարազների հետ, սա հայկական չէ, գուցե ուզբեկական է, ղրղզական, կամ ուդմուրտական, բայց ՀԱՅԿԱԿԱՆ չէ:
Առաջին հայացքից միգուցե կասեք, թե լուն դավա եմ դարձնում, բայց այդպես չէ: Տուրիզմը նախևառաջ քարոզչություն է, երկրի իմիջ, տուրիզմի միջոցով կարծիք է ձևավորվում:
Այժմ այս նկարը կպտտվի աշխարհով մեկ, մարդիկ կտեսնեն «տիպիկ հայ կնոջ»՝ «տիպիկ հայկական տարազով», որը, սակայն, պրիմիտիվության ու էժանագին պլագիատի արդյունք է:
Իսկ Մուտին լայն ժպտում է՝ անգամ չկասկածելով, որ իրեն «քցում են», ու չիմանալով, թե հայկական տարազն իրականում որքան գեղեցիկ ու գունագեղ է...
ՀԳ. Եթե այսքան կարդալով՝ պատահաբար չեք հասկանա ասելիքս, նշեմ, որ նկարի միջի լավաշ թխող կնոջը չեմ ճանաչում, ու գրառմանս թիրախը նա չէ:
ՀՀԳ. Փա՜ռք կառավարությանը: