Վարդավառի տոնի առթիվ Երևանի քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումներից գլխավորն ու ամենամարդաշատը Կարապի լճում էր ու լճի շրջակայքում։ Առավոտից այստեղ բարձր երաժշտություն էր ու յուրօրինակ «ջրային դիսկոտեկ» ։
Կազմակերպիչները՝ Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև միջոցառման գլխավոր հովանավոր «ՆՈՅ» բնական աղբյուրի ջուրը, մասնակիցներին դույլեր են բաժանել ու անսպառ ծավալի ջուր տրամադրել։ Կարապի լճի աշխույժ տրամադրությունը նաև ՀՀ ԱԻՆ-ի հրշեջ-փրկարարների շնորհիվ էր, ովքեր հրշեջ մեքենաների խողովակներով «երկրորդ հարկից» առատ ջուր էին ցողում։ Տոնական միջոցառման ընթացքին այստեղ հետևել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։
Ջրային տոնախմբությանը մասնակցում էին նաև մայրաքաղաքի հյուրերը. զբոսաշրջիկներից շատերի համար տոնն անակնկալ էր, ոմանք էլ անգամ հատուկ պատրաստվել էին տոնին ու եկել Կարապի լիճ։