Քրիստոնյա Հայաստան, ով 1700 տարի է ընդունել է Միակ իրական Եռամեկ Աստծուն: Բայց, չգիտես ինչու, դեռևս շարունակում է մեծ աղմուկով նշել հեթանոս հայերի ջրի չաստծուն նվիրված տոնը՝ վարդավառը: Ցավալի է նկատել, որ դարեր առաջ հեթանոս հայերին քրիստոնեությունը ընդունելի դարձնելու համար վերափոխված այս հեթանոսական տոնը, դարերի ընթացքում իրական ճշմարտությունն իմանալուց հետո, ոչ միայն չվերացվեց, այլ ավելի մեծ մասսայականություն և հանդիսավորություն ձեռք բերեց: Քրիստոնեության մեջ ցանկացած տոն կամ արարողություն հիշեցնում է Աստծո զոհը մեզ համար արված, նպաստում է մարդու Աստծուն մոտենալուն, բայց չեմ կարծում, որ ամենաթողության մեջ շփացած խառնամբոխը, իրար ջրելով, հիշում է Տեր Հիսուսի այլակերպման մասին: Կամ ինչ կապ կարող է ունենալ իրար վրա ջուր լցնելը այս պատմության հետ:
Պայծառակերպությունը խորհրդանշում է Քրիստոսի այլակերպությունը Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև, որն, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր կոչված լեռան վրա։ Քրիստոսի պայծառակերպության մասին վկայում են Մատթևոս (17։1-13), Մարկոս (9։1-12) և Ղուկաս (9։28-36) ավետարանիչները։ «...Եվ Նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը…Եվ մինչ նա դեռ խոսում էր, ահա մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ. ամպից մի ձայն եկավ ու ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրա՛ն լսեցեք»։ 
(Մատթ. 17։2-8)։
Այս պատմությունը լսող հավատքով մարդու մոտ ավելի հավանական է, որ կառաջանա ցանկություն նորովի ճանաչել Աստծուն, ով անսահման է, և ինչքան էլ ճանաչես, Նա կարող է նորից ու նորից զարմացնել Քեզ:
Սիրելի՛ քրիստոնյա, եթե տոնում ես Պայծառակերպության տոնը, որոշում կայացրու նորովի մոտենալ Աստծուն, հիշել ու գիտակցել, որ Դու քրիստոնյա ես և այլևս չես տոնում հեթանոս չաստվածներին նվիրված տոները, քանի որ դա էլ պաշտամունքի միջոց է. դու պետք է հասկանաս, թե ում է ուղղված Քո պաշտամունքը, քանի որ արդյունքը անպայման տեսնելու ես՝ թե Միակ իրական Աստծուն ուղղելու դեպքում, թե անիրական չաստվածներին: Դա կարող է բաց դուռ լինել հակառակորդի համար Քո կյանք ներխուժելու համար: 
Ուստի մի նայիր դրան զուտ որպես խաղ, քանի որ դա ավելի քան լուրջ պաշտամունքի դրսևորման միջոց է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել